ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն։ Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում նման դիտարկում է արել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Մայիսին առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրերս «սահմանային միջադեպ» էր անվանել ու հայտարարել, թե մեկ ու կես ամիս առաջ ուղարկված Հայաստանի դիմումը չի համապատասխանում կազմակերպության կանոնադրությանը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ՀԱՊԿ քարտուղարի հետ հեռախոսազրույցի ավարտին ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:
Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք. «Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար»։
Զասի հայտարարությանը երեկ «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի եթերում արձագանքել էր նաև իշխանական պատգամավոր, գործող խորհրդարանի արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հայտարարությունը որակել էր տարօրինակ։ Նկատել էր նաև, որ չնայած հայկական կողմի մեկ զոհ ունենալու փաստին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չգիտես ինչու ասում է, թե «փառք Աստծո, զոհեր չկան». - «Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար մի քանի պատճառով։ Նախ պարոն Զասը նշում է, որ փառք Աստծո զոհեր չկան... ցավոք, զոհ կա։ Եվ կարծում եմ, ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է սահմաններին, հարյուր տոկոսով համապատասխանում է երկրորդ հոդվածին, կա ՀԱՊԿ գործիքակազմ, որը պիտի գործի։ Մենք շարունակելու ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքներ տանել այս ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ մոտ օրերս նաև մեր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները աշխատանքային կարգով կապի մեջ կլինեն մեր գործընկերների հետ»։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը թե' Գրիգրոյանի, թե' Ռուբինյանը հայտարարությունները համարում է ներքին լսարանին ուղղված. - «ՀԱՊԿ-ը ունի դիրքորոշում և դա ավելի շուտ Ռուսաստանի դիրքորոշումն է որպես ՀԱՊԿ-ում գլխավոր խաղացողի։ Իսկ դիրքորոշումը հետևյալն է. Ռուսաստանը չի ուզում, որ տարածաշրջանում մեծ պատերազմ լինի և ինչ-որ կերպ փորձում է աշխատել այն ուղղությամբ որ կողմերը, այս դեպքում Հայաստանը և Ադրբեջանը այնպես դիրքավորվեն սահմանի երկայնքով, որ սահմանին որոշակի կայունություն և կանխատեսելիություն լինի։ Հենց այս շրջանակներում էլ ՀԱՊԿ-ը գործում է և փորձերը կառույցին ներկայացնել սահմանի իրական վիճակը ոչինչ էլ չի փոխի։ Ռուսաստանին հետաքրքիր չէ, թե ում կպատկանի այս կամ այն քառակուսի մետրը։ Սև լիճը կվերահսկի հայկական կողմը, ադրբեջանականը թե արցախյանը։ Ռուսաստանի համար միևնույն է»։
Շուտով լրանա երկու ամիսը, ինչ ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով հատել է Հայաստանի սահմանը և չի հեռանում։ Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը ՀԱՊԿ-ին դիմելուց ու կազմակերպության տևական լռությունից հետո որպես իրավիճակի լուծում մայիսի 27-ին առաջարկել էր զորքերը երկու կողմերից հայելային եղանակով հետ քաշել և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։
Այս հարցի վերաբերյալ պաշտոնական վերջին տեղեկությունը հունիսի 22 -ին է եղել։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատել էր, թե ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման շուրջ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ։