Մատչելիության հղումներ

Մոսկվան գոհ է ղարաբաղյան հարցի շուրջ Անկարայի հետ սերտ համագործակցությունից


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, 30-ը հունիսի, 2021թ.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, 30-ը հունիսի, 2021թ.

Մինչ ռուսաստանցի վերլուծաբանները խոսում են ռուս-թուրքական լուրջ տարաձայնությունների մասին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ հունիսի 30-ին Թուրքիայում հայտարարել է, թե Մոսկվան գոհ է հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հարցերի շուրջ Անկարայի հետ սերտ համագործակցությունից:

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները երեկ Անթալիայում հերթական անգամ առարկայական բանակցություններ են ունեցել, այդ թվում՝ Ղարաբաղի շուրջ: Բանակցություններին հետևած համատեղ մամուլի ասուլիսին Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են սերտորեն համակարգել ռուս-թուրքական ջանքերը Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու գործում՝ շեշտը դնելով ամրապնդման միջոցառումների վրա: Թե հատկապես ինչ միջոցառումների մասին խոսքը, երեկ Լավրովն ու Չավուշօղլուն չեն ասել:

Նրանք ընդհանրապես հնարավորինս շրջանցել են բոլոր սուր տարաձայնությունները ռուս-թուրքական հարաբերություններում: Համատեղ ասուլիսին խոսել են բացառապես ռուս-թուրքական խորացող համագործակցության մասին տարբեր ոլորտներում, իսկ տարածաշրջանային հարցերից, որոնց շուրջ նրանք սերտորեն համագործակցում են, առաջինը նշել են հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցումը, ինչին պետք է նպաստեն Մոսկվան և Անկարան:

«Մենք գոհ ենք այն բանից, թե ինչպես է գործում Ադրբեջանի Աղդամի շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցությունը խթանելու մեր ջանքերը ծառայելու են համապարփակ կայունացման նպատակներին», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Լավրովին երեկ նաև հարցրել են, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի նախագահի վերջերս կայացած այցը Շուշի: Այդ այցի շրջանակում, հիշեցնենք, Էդողանն ու Ալիևը ստորագրել են Շուշիի հռչակագիրը: Իսկ Ադրբեջանից Թուրքիա վերադառնալուն պես Էրդողանը նաև հայտարարել էր Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավորության մասին:

Լավրովը, սակայն, Շուշիի հռչակագրի և հետխորհրդային Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի կապակցությամբ Մոսկվայի մտահոգությունների մասին չի խոսել երեկ, հակառակը՝ շեշտել է. «Էրդողանի այցը Ադրբեջան տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում»:

Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են օգտագործել բոլոր հնարավորությունները և խթանել հայ-ադրբեջանական հաշտեցումը:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այնքան կարևոր անդամ, որ օրինակ՝ ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց հետո այդ երկրում և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կոորդինատորի դերը Թուրքիան է ստանձնել, ինչը նաև նշանակում է, որ աննախադեպ մեծացել է Թուրքիա ազդեցությունը նաև Կենտրոնական Ասիայում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ուժեղացող դերին մեր տարածաշրջանում, ռուսաստանցի վերլուծաբանները սա արդեն որպես իրականություն են ընդունեմ, նշելով, որ այսօր այս տարածաշրջանում երկու հավասար խաղացող կա՝ Ռուսաստանն ու Թուրքիան։

Փորձագետները ահազանգում են, որ թուրքական ռազմական ներկայությունը Ադրբեջանում նշանակում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունը։ Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, այս խնդրի մասին գերադասում է չխոսել, ինչպես նաև հնարավորինս շրջանցում է սուր տարաձայնությունները Թուրքիայի հետ, օրինակ, Ուկրաինայի հարցում, Սիրիայում և Լիբիայում։

Լավրովը երեկ ընդգծել է, թե հայ-ադրբեջանական հաշտեցման գործում առանցքային թեմաներից մեկը տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումն է, դիվանագիտական լեզվից եթե թարգմանենք՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:

Ընդ որում թուրք վերլուծաբանները հետպատերազմյան շրջանում բազմիցս նշում են՝ Զանգեզուրի միջանցքը նույնչափ կարևոր հարց է, ինչ Շուշիի գրավումը։

Ռուսական մամուլը պարբերաբար բարձրացնում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այն տարածաշրջաններում, որ պատմականորեն համարվել են Ռուսաստանի ազդեցության գոտի, Թուրքիան դարձել է ավելի կարևոր խաղաղացող քան Մոսկվան։ Ռուսաստանը ստիպված է թուրքերի հետ համաձայնեցնել իր քայլերն այս տարածաշրջանում, թեև ընդամենը մի քանի ամիս առաջ Մոսկվան զգուշավոր խոսում էր ՀԱՊԿ-ին, օրինակ, Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին։ Ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը կտրականապես փոխվել է, Ադրբեջանը իր անվտանգության համակարգն ամբողջովին կապում է Թուրքիայի հետ, իսկ պաշտոնական Բաքուն էլ առիթ բաց չի թողնում հայտարարելու, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթել է Թուրքիայի օգնությամբ։ Եվ այսօր արդիական է Մոսկվայի համար ոչ թե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, այլ այն հարցը, թե ինչ անել Ադրբեջանի վրա Մոսկվայի ազդեցությունը գոնե մասամբ պահպանելու համար։

«Լենտա․ռու»-ն, օրինակ, այսօր այս մասին մեծ հոդված է հրապարակել՝ «Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է կառուցում. ինչ տեղ կզբաղեցնի այդ կայսրությունում Ադրբեջանը» վերնագրով:

XS
SM
MD
LG