Անի Սամսոնյան. Ստեղծել արհեստական ցնցումներ նրա համար, որ չես ստացել իշխանություն, ապապետական մոտեցում է

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը չի պատրաստվում լքել գործող խորհրդարանի ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը: Կուսակցությունը ութերորդ գումարման Ազգային ժողով չի անցել վերջին ընտրությունների արդյունքներով` ստանալով 1.22 տոկոս:

Անի Սամսոնյանը համարում է, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններով գոնե այս պահին լուծվել է երկրում պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամը: Իրենց սխալներն, ասում է, շատ էին. «Առաջին պատճառն այն է, որ մարդիկ չեն ընտրել պառլամենտ, չեն ընտրել պատգամավոր»:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը Անի Սամսոնյանն է:

«Շարունակում եմ ուսումս»

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այս պահին շարունակում է ուսումը, քաղաքականությունից չի հեռանում. «Դեռ կմտածեմ, առաջարկներ կան, այս պահին շարունակում եմ ուսումս, աշխատում եմ գիտական թեզիս վրա, աշխատանքի առաջարկներ կան», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց նա` հավելելով, որ քաղաքական համագործակցության մասին չէ խոսքը, ինքը «Լուսավոր Հայաստանի» հետ շարունակելու է կյանքի կոչել կուսակցական ծրագրերը:

«Մարդիկ չեն ընտրել պառլամենտ, չեն ընտրել պատգամավոր, այլ գնացել ու ևս մեկ անգամ իրենց դիրքորոշումն են արտահայտել»

Հարցին, թե ինչն էր «Լուսավորի» «ձախողման» պատճառը, կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե ժամանակը հետ տայինք, բնականաբար նորից կպահանջեինք արտահերթ ընտրություններ, որովհետև մենք ճիշտ էինք, սա ներքաղաքական լարվածությունը հանգուցալուծելու միակ ճանապարհն էր, և կապ չունի, թե ինչպիսի հաջողության կամ անհաջողության ենք հասել մենք, մենք կարևորը խնդիրը լուծել ենք այս առումով:

Վստահ ենք, որ այս ընտրություններից հետ կառավարությունը կարող է գոնե այն ապակայուն իրավիճակը, որը կար, դրա բացակայության պայմաններում, կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք սպառնում են մեր երկրի անվտանգությանը:

Իհարկե, մենք մեր սխալները վերլուծում ենք, մեր պարտության պատճառները բազմաթիվ են, առաջին պատճառն այն է, որ մարդիկ չեն ընտրել պառլամենտ, չեն ընտրել պատգամավոր, այլ գնացել ու ևս մեկ անգամ իրենց դիրքորոշումն են արտահայտել` արդյոք 2018-ի հեղափոխությունը ճիշտ էր, թե ոչ»:

Սամսոնյանն ընդգծեց` պատերազմից հետո կար մեծ անվստահություն կառավարության, վարչապետի նկատմամբ, և գնալով ավելի էր լարվում այդ իրավիճակը, և այդ իրավիճակից ելքը ընտրություններն էին:

Քաղաքական ճգնաժամը լուծվա՞ծ է

Օգտատերերը հետաքրքրվում էին` ԼՀԿ-ի դիրքորոշումը որն է, արդյոք լուծվել է քաղաքական ճգնաժամը: Այս մասին խոսելով Սնի Սամսոնյանը նկատեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք մարդկանց փողոց էին հանում, պառլամենտում ստացել են մանդատներ և ունեն, ինչպես իրենք են ասում, լրացուցիչ գործիքակազմ աշխատելու, ինչում ես իրենց հաջողության եմ մաղթում»:

Մինչդեռ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կայացած ընտրություններով ճգնաժամը լուծված չէ, ավելին` կանխատեսել էր նոր արտահերթ ընտրություններ մոտավորապես 1.5 տարի հետո:

«Բնականաբար, իրենց տեսանկյունից քաղաքական ճգնաժամը լուծած չէ, որովհետև իրենք այդ լուծումը սպասում էին հետևյալ կերպ, որ խորհրդարանը կա՛մ պիտի իրենց թեկնածուին ընտրի վարչապետ, կա՛մ պիտի իրենք այս ընտրություններով վերադառնան իշխանությունը վերցնելու: Քանի որ երկու պլանն էլ չիրագործվեց, ախորժակը փակ չէ, կարելի է նման հայտարարություններ անել, բայց ես կարծում եմ` երկրում ստեղծել արհեստական ցնցումներ, ներքաղաքական ճգնաժամ միայն նրա համար, որ դու երկրում չես ստացել իշխանություն, ես կարծում եմ, որ դա սխալ է, դա հեռատես չէ, դա ապապետական մոտեցում է», - ասաց բանախոսն ու հիշեցրեց, որ արդեն շուրջ երկու ամիս ադրբեջանցիները երեք ուղղություններով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, միջադեպեր են եղել, սակայն նրանք ետ չեն քաշվում:

Արձագանք Ռոբերտ Քոչարյանին

Իսկ ինչո՞ւ նախկինում չի հակադարձել երկրորդ նախագահին, մասնավորապես այն դեպքում, եր Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ նաև խորհրդարանական ընդդիմության հանդեպ վստահությունն են բարձրացնելու, քանի որ նրանք ժամանակին տարատեսակ գործարքների են գնացել իշխանությունների հետ:

«Իմ արձագանքը պատասխանն էր խորհրդարանական ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին: Եթե չլինեին այդ մեղադրանքները, չէր լինի նաև իմ պատասխանը: Այստեղ նոր խորհրդրանական ընդդիմությանը թիրախավորելու որևէ խնդիր չկա», - նշեց նա: Ըստ պատգամավորի` հարցն այն է, որ իրենք ընտրությունների արդյունքները արագ ընդունեցին, հայտարարեցին այդ մասին:

Բացի այդ, ԼՀԿ խմբակցության անդամը շեշտեց` եթե որևէ մեկը սուտ ու կեղծիքի մեջ է մեղադրում մյուսներին, ինքը պիտի փորձի դա չանել:

«Այս տարիների ընթացքում ԼՀԿ-ի նկատմամբ շատ սուտ են տարածել, որոնք փորձել ենք հասցնել հերքել, ոմանք չենք կարողացել, որովետև այնքան փող ու ռեսուրս են դրել դրա մեջ», - նշեց Սամսոնյանը` ավելացնելով, որ հերքել ամեն դեպքում պետք է, քանի որ հակատակ դեպքում մարդիկ սխալ պատկերացում են ունենում, և իրենք շարունակելու են թույլ չտալ խաղալ իրենց կուսակցության անվան հետ:

«Սա հանրաքվե էր, պարտվեց ԼՀԿ-ի` ընտրությունների առաջարկած օրակարգը»

«Սա հանրաքվե էր, պարտվեց ԼՀԿ-ի` ընտրությունների առաջարկած օրակարգը` համերաշխության օրակարգը, որովհետև ատելության բաժանարար գիծը հանրության մեջ շատ խորն էր, մարդիկ մտածում են` դու կամ սև ես, կամ սպիտակ ես, կամ պիտի լինես Նիկոլ Փաշինյանի կողքին, կամ Ռոբերտ Քոչարյանի կողքին», - ասուլիսի ժամանակ ասաց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով` ապագայում իրենք կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին, տարբեր ծրագրեր կարող են ներկայացնել. «Դու քաղաքական ուժ ես, տարբեր հարթակներ կան, որտեղ կարող ես քո առաջարկները ներկայացնել, քո ծրագրերը լոբբինգ անել:

«Լուսավոր Հայաստանն» ապագա ունի, ավելին` ապագան «Լուսավոր Հայաստանինն» է»:

Պատգամավորը ասում է` տեսակետները իրենց պարտության մասին տարբեր են, ինչպես ինքը նշեց, շատերն ասում են, որ մարդիկ ուզում էին հայհոյող ընդդիմություն, սակայն սա շատ ծայրահեղ մոտեցում է համարում:

«Մյուս ծայրահեղ մոտեցումն է, որ մենք հեղափոխական իշխանությանը քննադատեցինք և դրա պատճառով դուրս մնացինք խորհրդարանից: Սա շատ ծայրահեղ մոտեցում է, որը կարող է, իհարկե, պատճառ լինել, կարող է լինեն մարդիկ, 2018-ին որ մեզ ընտրել են, որովհետև մենք հեղափոխությունը ողջունած ուժ ենք, և կան այդ մարդիկ, բայց դա չի նշանակում, որ դա միակ պատճառն է», - ընդգծեց Սամսոնյանը:

«Ընտրախախտումներ եղել են, բայց դա այնքան մասշտաբային չի եղել, որ ամբողջ ընտրությունների վրա ազդի»

Հարցին՝ ի՞նչ որոշում է սպասում Սահմանադրական դատարանից, որտեղ ընդդիմությունը վիճարկել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչն արձագանքեց. - «Ես ոչինչ չեմ բացառում և չեմ կարող Սահմանադրական դատարանի փոխարեն ասել, թե ինչպիսին կլինի նրանց որոշումը, որովհետև ես դատարանը չեմ: Բայց քանի որ մենք ընտրություններից հետո ամփոփել ենք արդյունքները, ուսումնասիրել ենք կեղծարարությունները, ընտրախախտումները, մենք հասկացել ենք մի բան, որ, այո, ընտրախախտումներ եղել են, ընտրակաշառք էլ է բաժանվել, բայց դա այնքան մասշտաբային չի եղել, որ ամբողջ ընտրությունների վրա ազդի, արդյունքների վրա ազդի»:

«Սա է պատճառը, որ մենք չենք դիմում Սահմանադրական դատարան, և շատ անկեղծ մարդանց ասում ենք, որ այդքան չեն եղել, որպեսզի արդյունքների վրա ազդեն, և ընտրությունների այս արդյունքները անվավեր ճանաչվեն», - նշեց Սամսոնյանը:

«Մյուս կողմից էլ՝ ես չեմ հասկանում մի բան, երբ ընդհանրապես չեն ընդունում ընտրության արդյունքները, չեն ընդունում իրենց պարտությունը, բայց վերցնում են մանդատները: Կա՛մ պետք է վերցնել մանդատները և ընդունել արդյունքները, ասել, որ «մենք պատրաստ ենք լինելու խորհրդարանական ընդդիմություն, մենք գնալու ենք և աշխատենք», կա՛մ չվերցնել մանդատները և ընդհանրապես չընդունել արդյունքները, դիմել Սահմանադրական դատարան, օգտագործել բոլոր հնարավոր միջոցները», - ընդգծեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ դա համարում է ժամավաճառություն, բայց ինչ-որ տեղ նաև հասկանում է. - «Որովհետև խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքը, այնքան էր մարդկանց համոզել, որ մի ժամ մնաց իրենք իշխանության գան, հինգ րոպե մնաց իշխանության գան, որ մարդիկ չեն հավատում, որ ընտրությունները առանց կեղծվելու «Հայաստան» դաշինքը պարտվել է և իշխանությունը երկրում չի վերցրել, որովհետև մարդիկ արել են հանրաքվե 2018 թվականի հեղափոխության: Որպեսզի այդ մարդկանց հանգստացնեն, անհրաժեշտ է գնալ ինչ-որ գործողությունների, քայլերի: Նորմալ է, թող գնան, ինձ համար դա, անկեղծորեն, ժամավաճառություն է»:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.