Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի կալանքը փոխելու՝ Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների միջնորդությունն ուղարկել է դատախազություն՝ այն քննարկելու համար։
Ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն է ներկայացրել 7 պատգամավոր. «Իմ քայլը» լքած Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը ,«Լուսավորից» Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը և «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբանը և Վարդան Վարդանյանը։
Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ընտրություններին ընդառաջ հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ այնպիսի հանցակազմ չի տեսել, որը կալանավորում կենթադրեր։
«Մեր երաշխավորությունը հստակ է, որ Արմեն Չարչյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Ի վերջո եթե մենք նայում ենք դատավարական օրենսգրքի վերջին փոփոխությունները, և ընդհանրապես արդարադատության համակարգում, եթե խոսվում է բարեփոխումների մասին, հիմնական մեսիջն այն էր, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է ընտրվի ծայրահեղ դեպքերում: Աբսուրդ է մտածել, որ այն, ինչում մեղադրվում է պրոֆեսոր Չարչյանը, հարգարժան բժիշկ, մտավորական մարդ, հաշվի առնելով նաև իր առողջական խնդիրները, դա այնպիսի մի հանցագործություն է, նա այնպես կարող է խոչընդոտել գործի քննությանը, որ կալանքը պիտի ընտրվե՞ր որպես խափանման միջոց», - ասաց Զոհրաբյանը:
Քվեարկության նախօրեին դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» -ը տարածել էր Արմեն Չարչյանի՝ իր ենթակաների հետ զրույցի ձայնագրությունից հատված, որտեղ վերջինս ասում է՝ ինքը «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում է և խնդրում է, պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Լսվում է նաև, թե ինչպես է զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Չմասնակցողների հանդեպ էլ վերաբերմունքը կփոխվի։ Իրավապահները սա ընտրողների ազատ կամքի իրացման խոչընդոտում որակեցին, Չարչյանին մեղադրանք առաջադրեցին, ապա դատարանը որոշեց նրան կալանավորել։
«Ես միշտ կողմ եմ եղել արդարադատությանը, բայց սա այն դեպքը չէ, որ նման հարգարժան մարդու խափանման միջոցը կալանքը ընտրեն», - հայտարարեց Զոհրաբյանը:
Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը պնդում է, թե իր արարքում հանցակազմ չկա. Կալանավորված պատգամավորի թեկնածուի ներկայացուցիչներն էլ բարձրաձայնում են՝ բժիշկ Չարչյանի առողջական վիճակը ծանր է. «Պրոֆեսոր Չարչյանը երկուշաբթի օրը՝ երեկ բժշկական միջամտության է ենթարկվել: Բժշկական կենտրոնում վիրահատական միջամտություն է տեղի ունեցել՝ սրտի վիճակի, ստենտների ուսումնասիրման նպատակով, ընդհուպ մինչև անեսթեզիայի միջոցով է դա արվել: Այս ամենը՝ զարգացումները առողջական վիճակի, կարելի է ասել, հաջորդել է հունիսի 23-ի կալանավորման որոմանը: Ես իսկապես հույս ունեմ, որ ի վերջո որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահ մարմինները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի: Ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի, պրոֆեսոր Չարչյանի գործի վերաբերյալ արդեն այն աստիճանի ակնհայտ խնդիրներ են առկա, որ քրեական հետապնդումն այդ գործով անխուսափելիորեն դադարեցվելու է»:
Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ պատգամավորների միջնորդությունը քննարկման փուլում է։