«Իշխանություններն այսօր կան, վաղը՝ չկան, մենք պետք է համագործակցենք բոլոր իշխանությունների հետ հանուն հայրենիքի»․ Արզաքանցյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի նախկին թեկնածու, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց՝ պատրաստ է հայրենիքի համար «ինչ արդյունավետ աշխատանքներ կան, կատարել, որպես հայրենասեր Տիգրան Արզաքանցյան»։

Նա ընդգծեց՝ իշխանություններն այսօր կան, վաղը՝ չկան, իսկ «մենք պետք է համագործակցենք բոլոր իշխանությունների հետ հանուն մեր հայրենիքի»։

«Ի՞նչ կապ ունեն ընտրությունները ներդրումների հետ։ Հակառակը, մենք պետք է ցույց տանք, որ մենք հայրենասեր ենք հենց դրանով, մենք պետք է մեր աշխատանքները կատարենք ու մեր ընկերներին ինչքան կարող ենք համոզել։ Ինչու եմ ասում համոզել, որովհետև իրենք տրամադրված էին, որ ես կլինեմ ղեկավար՝ վարչապետ, իրենք կգան, ավելի ապահով կզգան իրենց ներդրումների համար։ Հիմա չգիտեմ, թե ինչ ձևի հարթակները կստեղծվեն, հուսով եմ, որ լավ կլինի, ու մենք կարող ենք արդեն տարբեր մրցույթներ կատարել ճանապարհաշինարարության վրա, թունելների, կամուրջների ուղղությամբ։ Ինչ ասեմ, պատրաստ եմ մեր հայրենիքի համար ինչ արդյունավետ աշխատանքներ, ծրագրեր կան, կատարելու, ես պատրաստ եմ անել որպես հայրենասեր Տիգրան Արզաքանցյան։ Կապ չունի ես այսօր իշխանության մեջ եմ, թե՝ ոչ։ Մարդիկ կան ասում են՝ «այսօրվա իշխանության հետ․․․» ժողովուրդ ջան, իշխանությունն այսօր կա, վաղը՝ չկա, փոխվում են, ամեն ինչ ժամանակավոր է, բայց եթե մենք սիրում ենք մեր երկիրը, ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, մեր ժողվուրդը լավ ապրի, մենք պետք է այդ ձևի չտրամադրվենք, մենք պետք է համագործակցենք բոլոր իշխանությունների հետ՝ հանուն մեր հայրենիքի զարգացման համար», - ասաց վարչապետի նախկին թեկնածուն։

Արզաքանցյանը տեղեկացրեց՝ ցանկանում է գնել Հրազդանի ոսկու գործարանը և այդ ուղղությամբ բանակցությունները մեկնարկել են․ - «Բանակցությունները հիմա գնում են։ Հրազդանի ոսկու գործարանը մենք ուզում ենք գնենք, մեր ընտանիքի ակտիվը լինի դա, զարգացնենք, հուսով ենք, որ 2-ից 3 ամսվա ընթացքում արդեն մենք կբացենք գործարանը։ Ես էդ գործարանը 0-ից եմ կառուցել ժամանակին»։

Օգտատերերից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի նախկին՝ բոլոր 4 ղեկավարներին, նրանք պետականամե՞տ քաղաքականություն են վարել, թե՞ թալանել են երկիրը, Արզաքանցյանը պատասխանեց․ - «Մեր բոլոր ղեկավարներին ընտրել է մեր ժողովուրդը, ես էդ ժողովրդի մի մասն եմ։ Ես հիմա բոլոր անալիզները պատրաստ չեմ կատարել, եղել է, ացել է, գնացել է, հետո ես դրա անալիտիկը չեմ։ Ես պարտական եմ հարգել մեր երկրի ղեկավարին, հասկանում եք, եթե ես դուրս գամ մեր երկրից, հարցնեն մեր երկրի մասին, մեր երկրի ղեկավարի մասին, եթե ես ասեմ՝ «ինքը վատն է, տգետ է», ես ցույց եմ տալիս իմ երեսը, ուրեմն դրանցից մեկը ես եմ»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև