Մատչելիության հղումներ

Չնայած ԿԸՀ որոշմանը՝ քարոզարշավից առաջ տեղադրված պաստառները Վանաձորում չեն հեռացվել


Քարոզարշավի առաջին օրը Վանաձորում ավելացան կուսակցական գրասենյակները, բայց դեռևս արտահերթին մասնակցող ոչ բոլոր քաղաքական ուժերն են գրասենյակներ բացել։

Եթե մինչև քարոզարշավի մեկնարկն ակտիվ գործող գրասենյակներ ունեին միայն «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը, ապա երեկ, արդեն հատկապես քաղաքի կենտրոնական փողոցում, երևացին «Պատիվ ունեմ» դաշինքի, Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության, Սեֆիլյանի Ազգային-ժողովրդավարական բևեռի, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական պաստառները։

Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի ներկայությունը Վանաձորում գոնե առայժմ չի զգացվում, եթե չնկատենք «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի բարեգործական հիմնադրամի մեծադիր պաստառները։

Վանաձորի կենտրոնական փողոցի ողջ երկայնքով Արզաքանցյանի լուսանկարով տասնյակ ցուցանակներ կան։ Դրանք տեղադրվել են դեռ մեկ ամիս առաջ հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, այդ թվում՝ Վանաձորում։ Թեկնածուի մեծադիր լուսանկարի և անվան կողքին կուսակցության նախընտրական կարգախոսն է, նաև դժվար տեսանելի գրառում կա, որից երևում է, թե խոսքը բարեգործական հիմնադրամի մասին է։

Առաջին տպավորությունից, մինչդեռ, մեկ ամիս առաջ տեղադրված մեծադիր պաստառն ասոցացվում է նախընտրական քարոզչության հետ, նման եզրակացության է հանգել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ու դեռևս 10 օր առաջ կայացրած իր որոշումներով համարել է, որ Տիգրան Արզաքանցյանի ու ևս 5 քաղաքական ուժերի քարոզչական նյութեր պարունակող պաստառներ ենթակա են վերացման։

ԿԸՀ-ից «Ազատության»-ն ասացին՝ որոշումն ուժի մեջ է մնում, թեև երեկվանից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Համայնքապետարանները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրահանգ են ստացել քաղաքական ուժերին հորդորել հեռացնելու չնախատեսված տեղերում և ոչ սահմանված կարգով տեղադրված, նախընտրական քարոզչություն հիշեցնող այս պաստառները։ Հանձնաժողովը պարզել է, որ նաև «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառներ տեղադրել հանրապետության տարբեր համայնքներում։ Դրանք առավելապես մայրաքաղաքում են։

ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է համարել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գիրքը և Հայաստանը կառուցելիս» գրառումը պատկերող պաստառը Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում։

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատության»-ն ասաց, որ ստացել են հանձնաժողովի գրությունը և զբաղվում են այդ պաստառները հեռացնելու գործով։ «Մենք ԿԸՀ-ից ենք ստացել հրահանգ, որ էդ պաստառները, որոնք էս պահին պարունակում են քարոզչական որևէ երանգ, հորդորենք որ դրանք հեռացնեն, հիմա զբաղված ենք դրանով։ Ներգրավված ուժերից մի 6-7-ի մասին կար գրված», - ասաց Ասլանյանը։

Մինչդեռ ԿԸՀ որոշումից գրեթե 10 օր անց այդ պաստառները Վանաձորում դեռ հեռացված չեն։

XS
SM
MD
LG