Մատչելիության հղումներ

Արցաքանցյան. Իմ կինն իմ բիզնեսում ոչ մի ազդեցություն չի ունեցել, առանց նրա եմ ստեղծել այն


Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի նախկին թեկնածու Տիգրան Արզաքանցյանն ասում է, որ ինքը առաջադրվել էր, քանի որ ուզում էր իր փորձը կիրառել երկրի զարգացման համար, մանավանդ պատերազմում պարտությունից հետո: Արզաքանցյանի համար անսպասելի էին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Նա «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է: Ասուլիսի ժամանակ անդրադառնում է նաև իր գործարար լինել-չլինելուն, բիզնեսում իր կնոջ` Նատալյա Ռոտենբերգի դերակատարությանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը, ՀՀԿ-ից հեռանալուն և այլն:

Հիշեցնենք` ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել խորհրդարանի երկու գումարումների​ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Իմ ընկերությունները տվել եմ կառավարման»

Հարցին, թե գործարա՞ր է ինքը հիմա, թե՞ ոչ, վարչապետի նախկին թեկնածու Արզաքանցյանն ասում է. «Ոչ, ես գործարար աշխարհում միշտ եղել եմ հետևողական, հետո ես իմ ընկերությունները տվել եմ կառավարման ու հետևողական եմ եղել գործարար աշխարհին ու քաղաքականությանը, դրա համար էլ անտարբեր չեմ»:

Ընտրությունների արդյունքները Արզաքանցյանի համար սպասելի չէին

Նախկին հանրապետական պատգամավորի համար սպասելի չէին ընտրությունների արդյունքները. «Ես ասում էի` այսքան ձախողված քայլերից հետո գործող իշխանության ու հին կառավարությունը, հին իշխանությունը, որ շատ աշխատանքներ դիվանագիտական ժամանակին չէր կատարել, ես հուսով էի, որ մեր ժողովուրդը կուզենա արդեն, որ նոր ուժ կա, մեր երկրում փոփոխություններ կատարի, որ դեպի լավ, տնտեսական աճ ունենանք թե գործարար աշխարհում, բյուջեի զարգացման, բանակաշինության: Ես ունեմ մեծ փորձ, կուզեի իմ կյանքի ձեռք բերած ներդրումները կատարել մեր երկրում»:

Փաշինյանի հետ հանդիպման մասին

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` ի՞նչ տպավորություններ ունի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից, արդյոք նրան պաշտոն կամ աշխատանք է առաջարկվել: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Փաշինյանը հանդիպումներ էր ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

«Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել եմ մեր ծրագրերի մասին ու արձագանքել եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել տարբեր ոլորտներ, որտեղ մենք ունենք արհեստավարժ մարդիկ, կարող են արդյունավետ աշխատանքներ կատարել տարբեր ոլորտներում մեր երկրի զարգացման համար: Փաշինյանն ասաց` պատրաստ ենք ամիսը երկու անգամ աշխատանքային հանդիպում ստեղծել, որ մեր արդեն խումբը հանդիպի կառավարության անդամների հետ` տարբեր ուղղությամբ աշխատելու համար», - տեղեկացրեց բանախոսը:

Կցանկանար օգտագործել իր գործարար կապերը գերիների վերադարձի համար

Մեկ այլ հարցին, թե արդյոք առաջարկե՞լ է օգտագործել իր` Ռուսաստանում ունեցած կապերը` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին ինչ-որ կերպ աջակցելու համար, Տիգրան Արզաքանցյանն արձագանքեց. «Ես եթե ունենամ մեր կառավարության կողմից թույլտվություն, համաձայնություն, ես մեծ հաճույքով կզբաղվեմ, որովհետև կան լծակներ, որ հուսով եմ` արդյունավետ կլինեն այդ բանակցությունների, մեր տղաներին վերադարձնելու համար: Անձնական կապեր, Մոսկվա, Ադրբեջան, Ադրբեջանից ունեմ քուրդ ընկերներ, որ նրանք այնտեղ մեծ բիզնեսի ոլորտում են գործում, խոշոր բիզնեսմեններ են, ընկերություններ ունեն Մոսկվայում, Ֆրանսիայում: Նրանց հետ ունեմ 30 տարուց ավելի ընկերական հարաբերություններ, որոնք շատ մոտիկ շփվում են այսօրվա Ադրբեջանի ղեկավարի հետ»:

Դիտարկմանը, որ սա այլ հարթության վրա լուծվող հարց է, Արզաքանցյանն արձագանքեց, որ հնարավորինս պետք է անել` նման կարևոր հարցի համար, գոնե փորձել. «Ես այդ մարդկանց հետ ճանապարհ անցել եմ գործարար աշխարհում, իսկ այս քաղաքական բանավեճում, բանակցությունում, որ մեր տղաներին կարողանանք մի ձևի վերադարձնել հայրենիք, ես շատ ուրախ կլինեի մասնակցել ու փորձել իմ ուժերը»:

«Իմ կինն իմ բիզնեսում ոչ մի ազդեցություն չի ունեցել»

«Իմ կինն իմ բիզնեսում ոչ մի ազդեցություն չի ունեցել, ես առանց իմ կնոջ եմ ստեղծել իմ բիզնեսը: Վերադարձել եմ Ռուսաստանից Հայաստան 97 թվականին», - ասաց նա` պատասխանելով հարցերից մեկին: Հավելեց` խաղողագործությամբ է զբաղվել, ինչպես ինքը նշեց, «փրկել» խաղողի այգիները. «Ես ունեմ մեծ չարչարանք, արած դրա մեջ: Ես Ռուսաստանում բիզնես չունեմ, ինչ ունեի, վաճառեցի` տասնյակ միլիոն դոլարներ, բերեցի 98-99 թվականներին, 2000 թվականին, բոլորը ներդրել եմ մեր երկրում: Բիզնես ունեմ Ֆրանսիայում` կոնյակի գործարան, ձեռք եմ բերել 2007 թվականին»:

Ինչո՞ւ հեռացավ ՀՀԿ-ից

Հետաքրքրվել էին նաև, թե ինչու որոշեց լքել Հանրապետական կուսակցությունը: Ասաց, որ ՀՀԿ-ից դուրս է եկել, որովհետև 2018 թվականին կայացած քաղաքական որոշումների մասին իրեն` որպես խորհրդի անդամի չեն տեղեկացրել, խոսքը նաև հեղափոխությունից հետո զարգացումների մասին է:

Չի համարում, որ դավաճանել է նախկին իշխանությանը` Հանրապետականին. «Երկար տարիներ ես Հանրապետական կուսակցությանը մենակ լավ, արդար ձայներ եմ բերել մեր ժողովրդի կողմից: Ես գոհ ու շնորհակալ եմ համագործակցության համար ՀՀԿ-ի հետ, որովհետև Հանրապետական կուսակցությունն ինչ խոստումներ տվել է, որ ես տարել եմ, ներկայացրել եմ ժողովրդին, ՀՀԿ-ն հաստատել ու կատարել է»:

«Իմ շնորհիվ մոտավորապես 800 միլիոնից ավելի ներդրվել է»

Խոսելով այն մասին, թե ինչու որոշեց վերադառնալ քաղաքականություն, ինչու էր ցանկանում դառնալ վարչապետ` նկատեց. «Երբ ունեցանք տնտեսական խուճապ, ձախողված պատերազմ, որպես հայրենասեր քաղաքացի, մեր երկիրը սիրող քաղաքացի` ես ուզեցա փորձեմ, գամ, իմ բոլոր հնարավորությունները ներդնեմ մեր երկիր, ու կարողանանք ունենալ ավելի հզոր տնտեսություն, մարտունակ բանակ, որ ես` որպես կազմակերպող, ունեմ մեծ փորձ բանակցությունների, ունեմ լավ միլիարդատեր ընկերներ, խոշոր գործարար, որ պատրաստ էին գալ, ինձ հետ աշխատել:

Ես ներդրողներ բերել եմ ժամանակին, հարյուր միլիոններ են ներդրվել իմ շնորհիվ, մոտավորապես 800 միլիոնից ավելի ներդրվել է: «Վիվա-սելլ» ընկերությունը ես եմ բերել»:

Ռոբերտ Քոչարյանի ու Ալեքսանդր Սարգսյանի հետ հարաբերությունների մասին

Անդրադառնալով համացանցում շրջանառվող լուսանկարին, որտեղ ինքը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրուցում են` կոնյակի բաժակները ձեռքներին, նշեց. «Ինքը եղել է մեր երկրի նախագահ, այդ ժամանակ եմ ծանոթացել, մենք բաժակ խփել ենք իրար հետ ցուցահանդեսի սրահում: Անձնական, ընկերական կապեր չունեմ»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը խլել է Արզաքանցյանի բիզնեսը, նա դա հերքեց. «Սերժ Սարգսյանի եղբայրը եղել է պատգամավոր ինձ հետ, ունեցել ենք նորմալ հարաբերություններ, ոչ գործնական»:

XS
SM
MD
LG