Հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է, կեսգիշերն անց հայտարարեց Փաշինյանը

Հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է, երեկ կեսգիշերն անց «Քացաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը՝ Փաշինյանը շեշտել է՝ եթե առաջինը ոչ բռնի, թավշյա ժողովրդական, հեղափոխությունն էր, 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն «պողպատյա հեղափոխություն»:

«Եվ ինչպես, կամ ինչ պայմանավորվել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները հատիկ-հատիկ ի կատար կածվեն՝ անխուսափելիորեն և անբեկանելիորեն, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունները, որ իրականացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն», - հայտարարել է Փաշինյանը:

«Հայաստանում անշրջելիորեն փակված է ընտրությունների կեղծման էջը»

Արձանագրելով, որ Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն՝ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց՝ իրավապահ մարմինները կարողացան բավականին «էֆեկտիվ գործել» ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ:

«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ երևույթները իսպառ վերացնել և չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չի եղել, և այնուամենայնիվ, դրանք որոշակի ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա ունեցել են: Բայց, ընդհանուր առմամբ, որ Հայաստանում անշրջելիորեն փակված է ընտրությունների կեղծման էջը, և Հայաստանում իշխանությունն այլևս ձևավորվելու է միայնումիայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, կարծում եմ, աներկբա և հասկանալի է բոլորիս»,- ասաց Փաշինյանը:

ՔՊ-ն քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ»

«Քացաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թկենածուն հայտարարեց՝ եկել են մի հանգրվանի, երբ պիտի զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»:

«Մենք նաև քայլեր կձեռնարկենք մեր երկրում գործարար, մշակութային, գիտական առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու և մեր երկրի և պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը ներգրավելու հարցում: Սա շատ կարևոր արձանագրում է։ Կարող ենք արձանագրել, որ ըստ էության Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվել է մանդատ՝ առաջնորդել երկիրը, և նաև ինձ, որպես կուսակցության վարչապետի թեկնածու տվել է մանդատ առաջնորդելու երկիրը, բայց էլի եմ ասում, մենք առավելագույնը կանենք՝ քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար։ Ես ուզում եմ այս ֆոնի վրա նաև շեշտեմ, որ օրենքի և իրավունքի դիկտատուրան, այն հաջորդ ուղերձն ու մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ և մենք ուղղակի չենք կարող հապաղել այդ մանդատն իրացնելու ճանապարհին», - նշեց Փաշինյանը: