Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. քվեարկեցին առաջադրված ուժերի առաջնորդները

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այսօր ընտանիքի՝ կնոջ և չորս երեխաների հետ էր գնացել քվեարկության։

Նախ տեղամասում փակցված ցուցակներում գտան իրենց անունները, ապա սպասեցին մինչև կհասնի իրենց հերթը:

Փաշինյանի քվեարկության ժամի մասին լրատվամիջոցներին նախապես չէին տեղեկացրել, հեռարձակումը ապահովում էր վարչապետի լրատվական ծառայությունը։ Տեղում գտնվող մի քանի արտասահմանյան լրատվամիջոցների հարցերին վարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց։

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քվեարկության եկավ տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ, ով ծաղիկներ նվիրեց տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Հերթի մեջ սպասող քաղաքացիների կողքով անցնելիս Քոչարյանները մի քանիսի ծափերին արժանացան։ Արդեն տեղամասից դուրս գալիս եղավ նաև «ամոթ» վանկարկում:

Կարճ ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը հարցով պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրենց դաշինքի շանսերը. «Կասկածո՞ւմ եք»:

Չմանրամասնեց՝ ՀՀԿ-ի իշխանության տարիներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Կարապետյանի համար ի՞նչ տեղ է նախատեսում կառավարությունում իրենց հաղթանակի դեմքում. «Երևի ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեր հետ է, թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, դեռ մենք չենք խոսել»:

Առաջին նախագահ Լևոն -Տեր Պետրոսյանը իր ասուլիսին ասել էր՝ խորհրդարան անցնելու դեպքում պնդելու են, որ վարչապետը այլ՝ տեխնոկրատ թեկնածու լինին և բացառվի Քոչարյանի և Փաշինյանի թեկնածությունը։

Քոչարյանը անդրադարձավ նաև իր լուսանկարներով տարածվող հակաքարոզչական թռուցիկներին. «Այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե դա ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից»:

Ընտրացուցակում չընգրկված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ղեկավարած կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Պատիվ ունեմ» դաշինքով, քվեարկությանը եկել էր թոռնիկի հետ։ Ինչպես և նախորդ ընտրություններին, սարքն այս անգամ էլ մի քանի փորձից ճանաչեց նրա մատնահետքերը:

Իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությունները այն մասին, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում, Սարգսյանը մեկնաբանեց այսպես. «Ողջ իրավապահ համակարգը հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորումով լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն՝ անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք դատական ակտերով հաստատվել են»:

Հետընտրական կոալիցիաների մասին նախընտրեց այս փուլում չխոսել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ:

Լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն ներե՞լ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու և 2013 թվականին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, Սարգսյանը պատասխանեց. «Ինձ կարող է ներել միայն Աստված, ուրիշ ոչ մեկը»:

Իսկ թե ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը սատարում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքին և ոչ թե Սերժ Սարգսյանի, երրորդ նախագահն արձագանքեց. «Կարեն Կարապետյանին հարցրեք, առաջինը, երկրորդը՝ այդտեղ ի՞նչ մեծ ողբերգություն եք տեսնում»:

Մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ըստ հայտարարագրերի՝ ամենահարուստ թեկնածուն է, քվեարկությունից հետո «Ազատության» հարցին ի պատասխան բացառեց, որ կոալիցիա կկազմի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ. «Բացառում եմ և դա մի քանի անգամ կրկնել եմ»:

Հարցին՝ եթե ընտրությունների արդյունքները իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ բողոքարկման, Ծառուկյանը պատասխանեց. «Եթե ամեն ինչ կարգ ու կանոնով է գնում, ինչի մասին է խոսքը, անտեղի ինչի համար աղմուկ բարձրացնել: Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, ում վստահում է, ում հավատում է իր ձայնը տալիս է: Չբավարարելու ի՞նչ կա, եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»:

«Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածու էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ քվեարկել է երկրում հաշտությունը վերականգնելու օգտին. «Այն ակնկալիքները, որ կային, որ հեսա եսիմ ինչեր կլինի, բնականաբար, լավ էր, որ չեղան, այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու, ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու և վաղվա հետ կապված էլ, մենք արդեն ունենք ծանուցումներ, որ կողմերը պետք է ցույցեր անեն: Ես կարծում եմ, որ ընտրատեղամասերում քվեատուփերի մեջ մեր քաղաքացիներն այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու, այսինքն չի լինելու ինչ-որ ուժ, որ կարող է ասել, որ ես հաղթել եմ միայնակ և գալու ենք այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք նույն սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն: Միայն այս պարագայում է, որ մենք կկարողանանք այս վիճակից դուրս գալու ելքը գտնել, ոչ մի ուժ առանձին վերցրած չունի հնարավորություն երկիրն այս վիճակից հանելու»:

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը պահպանելով հակահամաճարակային կանոնները դիմակ էր կրում և հրաժարվեց հանել անգամ լուսանկարիչների խնդրանքից հետո։ Առաջին նախագահը հեռացավ առանց հարցերի պատասխանելու: