Ըստ Քոչարյանի` Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում պետք է ուժեղացվի

«Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավով մինչև երեկո Շիրակի մարզում է։ Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների կազմած դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արթիկում անդրադարձավ կառավարման համակարգում առկա ճգնաժամին: Հայտարարեց՝ 2018-ին իշխանության է եկել մի թիմ, որն արժեզրկել է իշխանություն հասկացողությունը:

«Այսպիսի իրավիճակ Հայաստանում երբեք իրականում չի եղել, և արժեքազրկեցին ամբողջ պետական համակարգը»:

Ռոբերտ Քոչարյանը հավելեց, թե իրենք չեն գալիս, որ մարդկանց սևերի ու սպիտակների բաժանեն. «Մենք չենք գալիս ձեզ բաժանելու հների ու նորերի, սևերի, սպիտակների, ղարաբաղցիների, հայաստանցիների: Մենք դա չենք անելու, մեզ համար բոլորը ՀՀ քաղաքացիներ են»:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց երկրի անվտանգության համակարգում առկա լրջագույն խնդրի տեսանկյունից. «Բացի մեր զինված ուժերի վերականգնման հարցերով զբաղվելը, մենք պետք է փորձենք նաև ռուսական ներկայությունը ռազմական այստեղ սարքել ժամանակակից: Դա հնարավոր է անել և պետք է անել` հատկապես հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում այս տարածաշրջանում: Մենք տեսնում ենք Թուրքիայի դերակատարության աճը, դա ուղղակի ակնհայտ է: Եվ ակնհայտ է, որ երբ նայում ես քարտեզին, միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ թուրքական էքսպանսիային, դա Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից մենք պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսենք` իրենց ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար»,- ասաց նա:

Տարածաշրջանում Հայաստանը տասնամյակներով մեծ կշիռ է ունեցել, շարունակեց Քոչարյանը, քանի որ բոլորի մոտ ընկալումն այն է եղել, թե տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունի: «Հիմա այդ ընկալումը կորցրել ենք»,- ասաց երկրորդ նախագահը` հավելելով. «Իսկ դա նշանակում է, որ մենք նաև մեր կշիռն ենք փոքրացել, ոնց որ մեր քաշային կատեգորիան փոքրացել է, էապես է փոքրացել: Հիմա ուրեմն ռուսական բազայի հետ միասին մենք պետք է նաև մեր կշիռը մեծացնենք, մեր հզորությունը մեծացնենք, որ մեզ հետ ավելի հաշվի նստեն, մեր դերակատարությունը ոչ թե կողքից ինչ-որ բան ասող լինենք, այլ նաև մեր խոսքն ավելի ծանրակշիռ լինի: Մենք եղել ենք գործոն, դարձել ենք կցորդ, հիմա մենք նորից պետք է անենք ամեն ինչ, որ դառնանք գործոն այս տարածաշրջանում, ոչ թե դառնանք գործոն պատերազմելու համար, այլ մեր շահերը պաշտպանելու համար»:

Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած Քոչարյանը խոսեց նաև աղետի գոտուց, վերհիշեց, թե ինչ ծավալի շինարարություն է իրականացվել այստեղ իր նախագահության տարիներին։ Նշեց, որ աղետի գոտի որակավորման հետ համաձայն չէ, և որ իրենք նպատակ ունեն իսպառ վերացնել այդ հասկացողությունը։ Նշենք, որ 88-ի երկրաշարժից մեծապես տուժած և՛ Լոռու, և՛ Շիրակի մարզերում մինչ օրս էլ անօթևան ընտանիքներ կան, և Հայաստանի ոչ մի իշխանության դեռևս չի հաջողվել ամբողջությամբ լուծել այդ խնդիրը։

Քոչարյանն անդրադարձավ նաև իշխանությունների կողմից «մարդկանց ասֆալտին փռելու» պարբերական զգուշացումներին. «Հիմա իշխանությունը շատ է սիրում ասֆալտից խոսել, սկսել են սկզբից փռելուց, հետո մարդկանց փռելուց, հետո ասֆալտ փռելուց, բայց ինչքան էլ մաննի կաշա իրենց ափսեներից ուտեն, այնքան ասֆալտ չեն հասցնի անել, ինչքան իմ նախագահության տարիներին»։

Անդրադարձ եղավ վերջին օրերին նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի քարոզարշավի մշտական ուղեկիցը դարձած մուրճին։ Ասաց՝ թող մուրճը չթափահարեն, իրենք այդ մուրճը կիրառելու ճիշտ տեղը գիտեն՝ դա շինարարությունն է: Ռոբերտ Քոչարյանին այսօր ուղեկցում էր Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանը: Մեկ այլ նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը «Հայաստան» դաշինքի մարզային շտաբի համակարգողն է:

Մարալիկում դաշինքի հանդիպմանը ներկա էր նաև Անի խոշորացված համայնքի հանրապետական համայնքապետ Արտակ Գևորգյանը: Երբ փորձեցինք վերջինիցս ճշտել` արդյոք դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և աջակցում է «Հայաստան» դաշինքին, Գևորգյանը տեսախցիկից խուսափեց ու արագ հեռացավ տարածքից:

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը երեկոյան Գյումրիի թատերական հրապարակում բացօթյա հանրահավաք կանցկացնի։