Այսօր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Արագածոտնի մարզում: Նա ելույթ ունեցավ Աշտարակ քաղաքում, Մշակույթի տունը լեփ-լեցուն էր:
Ելույթում Արամ Սարգսյանն անդրադարձավ մի քանի թեմաների, սկսեց հայաստանցիների համար թերևս ամենագլխավորից` անվտանգության հարցից: Ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը երկու ճանապարհ ունի` կա՛մ պետք է շարունակի «զոհ գնալ» ռուս-թուրքական դաշինքին, կա՛մ փորձի այլ տարբերակներ ևս մտածել: Ինքն, օրինակ, առաջարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-ադրբեջանական սահմանային, ինչպես նաև գերիների հարցերի լուծման համար ներգրավել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ըստ Արամ Սարգսյանի` այդ առումով Միացյալ Նահանգները, Ֆրանսիան շահագրգիռ են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ:
Նա հարց բարձրացրեց, թե եթե հայ-ռուսական դաշինքն այդպես էլ իր դերը չունեցավ, այդպես էլ չօգնեց Հայաստանին 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչո՞ւ ենք մենք` հայաստանցիներս հավատում, որ ապագա հակամարտություններում, պատերազմներում Ռուսաստանը կկանգնի մեր կողքին. չէ՞ որ, օրինակ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ դա տեղի չունեցավ:
«Մենք ունենք երկու ճանապարհ` առաջին ճանապարհ` մենք մնում ենք ռուս-թուրքական եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, այդ դեպքում կորցնում ենք թե՛ Արցախը, թե՛ Սյունիքը, երկրորդ ճանապարհ` մենք լրացուցիչ անվտանգության երաշխավորներ ենք փնտրում, փորձում ենք շփվել աշխարհի հետ և լրացուցիչ երաշխիքներ բերել: Այս երկրորդ ճանապարհը մենք համարում ենք շատ հնարավոր», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` Արամ Սարգսյանը նաև քննադատության ենթարկեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին: Ասաց, որ հիմա շատ կարևոր է, որ Արցախը չհայաթափվի, ինչը թույլ կտա վերադարձնել կորցվածը: Նա հարց բարձրացրեց` նշելով, որ այդ դեպքում տարօրինակ է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը չի մեկնում և չի բնակվում Ստեփանակերտում, ըստ էության Ստեփանակերտից ողջ ունեցվածքը` կապիտալը դուրս է հանել:
«Ղարաբաղի առաջին նախագահն այսօր պիտի գնար Ղարաբաղ, այդ էկրանը դներ Ղարաբաղում, իր բանեռները կախեր այնտեղ, ասեր` ժողովուրդ ջան, այստեղ ապրել է պետք, ասեր` ժողովուրդ ջան, Ղարաբաղն ապագա ունի, այնտեղ թող երեքհարկանի տուն սարքեր, Ղարաբաղի ժողովուրդն էլ տեսներ, որ Պուտինի ընկերն այստեղ տուն է սարքում, ու հավատար, որ ուրեմն այստեղ ապրելու հնարավորություն կա: Իսկ ինքն ի՞նչ է ասում, ասում է` Ղարաբաղի ապագան մշուշոտ է: Լավ հույս է տալիս էլի այնտեղ ապրող 60 հազար մարդկանց», - հայտարարեց նա: