«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավով Գյումրիում էր: Կուսակցության առաջնորդ ու վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանն այստեղ իր ելույթը սկսեց վարկերի թեմային անդրադառնալով: Նշեց` Հայաստանում կա մոտ 600 հազարից ավելի ընտանիք, սակայն վարկառուների թիվը 2 միլիոնը գերազանցում է:
ԲՀԿ ղեկավարն ասաց, որ ըստ էության, ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ 2-3 վարկ ունի: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք ծրագիր ունեն, թե ինչպես է պետք անել, որ մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների պարտքը պետությունը վերցնի իր վրա` այն մարելով: Հավելեց` ինքը 20 միլիարդ դոլար է կարողացել բերել Հայաստան ցածր` 1 տոկոսով, առաջարկեց իր խոսքի հավաստիությունը լրագրողները ճշտեն Կենտրոնական բանկի նախկին նախագահից:
«Ես, ժողովո՛ւրդ ջան, ներկայացրել եմ մեր ծրագիրը, այսինքն` ներկայացնել ոչ թե գեղեցիկ բառերով է գրված, այլ ինչ որ անհրաժեշտ է այսօր, անհրաժեշտ է այս վիճակից դուրս գալու համար: Դա է խնդիրը, որ այսօր առաջնային մենք ունենք 650 հազար ընտանիք, բայց ունենք 2 միլիոն 187 վարկառու, այսինքն` ամեն ընտանիքից 2-ից 3-4 մարդ վարկի տակ է: Էլ այդ մարդը ո՞նց կարա հզոր լինի, բարեկեցիկ լինի: Բոլորը կուտակվել է այս երկու տարում` արտակարգ իրավիճակ, տնտեսական ճգնաժամ, համաճարակ, պատերազմ: Մարդիկ ապրում են, բայցևայնպես այս բոլոր խնդիրները, որ գործ չկա, փող չկա, աշխատանք չկա, ո՞նց կարա փակի»:
Գագիկ Ծառուկյանը համարում է նաև, որ պետք է թոշակները ինդեքսավորվեն, քանի որ տեղի է ունեցել գնաճ, և օրինակ` նախկինում 400 դրամ արժողությամբ ձեթն այսօր դարձել է 1400 դրամ: Նկատեց` կենսաթոշակները պետք է բարձրացվեն. մինիմալ զամբյուղին չի համապատասխանում:
Նշեց, որ շատ երիտասարդներ չեն ամուսնանում` ունենալով բնակարանային խնդիրներ, երիտասարդ ընտանիքն էլ, նրա խոսքով, ապրում է երկու սենյականոց բնակարանում, հնարավորություն չունի բնակարան ձեռք բերելու: Իրենք ծրագիր ունեն նաև, որը, նրա ներկայացմամբ, լուծելու է երիտասարդ ընտանիքների բնակարանների հարցը:
Գագիկ Ծառուկյանը խոսեց նաև այսօր Շուշիում կայացած Էրդողան-Ալիև հանդիպման մասին, ասաց, որ դա բավականին ցավալի երևույթ է:
ԲՀԿ առաջնորդի խոսքով` սևերի ու սպիտակների իրենք չեն բաժանում, փորձում են իրենց ուժերի ներածին չափով օգնել, որպեսզի երկիրը դուրս գա այս տնտեսական, սոցիալական լարված իրավիճակից: Դրա համար նշում է` իրենք ավելի քիչ խոսում են, քան անում են:
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Գյումրիի անօթևանության խնդրին` ասելով, որ դեռևս տնակներում ապրող ընտանիքներ կան, որքան էլ որ բարեգործական հիմունքներով բնակարաններ են ձեռք բերվում: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն օրինակ բերեց իրեն` նշելով, որ որպես անհատ Աբովյանում մեկ տարում կարողացել է կառուցել 3 բազմաբնակարան շենք` մոտ հազար բնակարան: Կարծում է` հնարավոր չէ, որ պետությունը միջոցներ չունենա 3 հազար ընտանիքի բնակարանի հարցը լուծի մի քանի տարվա ընթացքում:
Նա նաև բոլորին հորդորեց ընտրություններին մասնակցել` ձայնը տալով նախընտրած թեկնածուին: