Թուրքիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ադրբեջան, Բաքու, 15 հունիսի, 2021թ.

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Նախագահին և նրա տիկնոջը՝ Էմինե Էրդողանին, Բաքվի միջազգային օդակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալավ Խալաֆովը և պաշտոնատար այլ անձինք:

Բաքվից Էրդողանը տիկնոջ հետ ուղևորվել է Ֆիզուլի, որտեղ նրանց դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկու նախագահները Ֆիզուլիից միասին մեկնել են Շուշի:

Նախօրեին Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է Անդրկովկասի տարածաշրջանի զարգացումները և մասնավորապես, ասել է, թե «արդարությունը Լեռնային Ղարաբաղում թեպետ 30 տարվա ուշացումով հաղթել է»:

Էրդողանի փոխանցմամբ, «այժմ բացվել են նոր դարաշրջանի դռները, թշնամությունը կփոխարինվի խաղաղությամբ»:

Շուշիում նախագահներ Ալիևը և Էրդողանը նախ երկուսով են զրուցելու, ապա քննարկումներին կմիանան երկու երկրների պատվիրակությունները:

Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրում են «Ղարաբաղում վերականգնման ծրագրերի համաձայնությունը»:

Վաղը Բաքվում Էրդողանը նախ հանդիպելու է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, ապա ելույթ կունենա խորհրդարանում:

Երեկոյան Էրդողանն Ալիևի հետ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում դիտելու է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի {կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ մեկ տարով հետաձգված} առաջնության Ա խմբի Թուրքիա-Ուելս հանդիպումը: