Մատչելիության հղումներ

Ադրբեջան Էրդողանի այցի ընթացքում նախատեսված է համագործակցության ծավալուն պայմանագիր ստորագրել


Այսօր սկսվում է Էրդողանի այցն Ադրբեջան, որին ուշադրությամբ հետևում են նաև Մոսկվայում։

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնում է Բաքու և Շուշի։

Էրդողանի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում նախատեսված է ստորագրել թուրք- ադրբեջանական համագործակցության ծավալուն պայմանագիր։ Նա նաև ելույթ կունենա ադրբեջանական Միլի մեջլիսում և Ադրբեջանում իր, ինչպես ինքն է ասում, «եղբայր Ալիևի» հետ կդիտի Թուրքիա-Ուելս ֆուտբոլային խաղը։

Ղարաբաղյան պատերազմից հետո սա Էրդողանի արդեն երկրորդ այցն է Ադրբեջան, առաջինն անցած տարի դեկտեմբերին էր։

Ադրբեջան այցի նախօրեին Բրյուսելում երեկ Էրդողանը հայտարարել է, թե թուրք-ադրբեջանական եղբայրությունը «տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հիմք է հանդիսանում»` հավելելով, թե ցանկալի չէ, որ «Հայաստանում խոչընդոտեն այս խաղաղությանը ներքաղաքական շահերի պատճառով», և հիշեցրել, որ անցած տարվա դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Բաքվում կայացած Հաղթանակի զորահանդեսին:

«Մենք` ես և եղբայրս՝ Իլհամ Ալիևը, գնալու ենք Շուշի, որտեղ մեծացել են պատմական և թյուրքական աշխարհի համար կարևոր գործիչներ։ Իսկ հունիսի 16-ին իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ կդիտեմ Թուրքիայի հավաքականի խաղը Բաքվում», - ասել է Էրդողանը։

Նախկինում, հիշեցնենք, հատկապես ռուսաստանցի փորձագետները սիրում էին խոսել այն մասին, թե խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում մեծամասամբ երաշխավորում է Մոսկվան։ Այսօր Էրդողանը, սակայն, հայտարարում է, թե տարածաշրջանի կայունության հիմքում թուրք-ադրբեջանական եղբայրությունն է։

Էրդողանի այցին Ադրբեջան, անկասկած, ուշադրությամբ կհետևեն նաև Մոսկվայում, հատկապես որ ռուսական մամուլը վերջերս հաճախ է գրում ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական տարաձայնությունների մասին: Այսօր այդ հակասություններին անդրադարձել է նաև ադրբեջանական մամուլը։

Վերջինս, այսօր հղում անելով ռուսական Տելեգրամ ալիքներին, գրել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատում ստեղծվել է մարդկանց խումբ, որոնք Պուտինին համոզում են լուծել «ադրբեջանական հարցը վրացական սցենարով»։ 2006-ին Ռուսաստանից արտաքսվել էին Վրաստանի գրեթե երեք հազար քաղաքացիներ, իսկ Մոսկվայի դպրոցներում կազմվել էին նույնիսկ վրացի երեխաների ցուցակներ:

Այսպես, ռուսական մի շարք Տելեգրամ ալիքների համաձայն՝ Պուտինի շրջապատում շատ ազդեցիկ անձինք համառորեն ՌԴ նախագահին խորհուրդ են տալիս նույնը կրկնել արդեն ադրբեջանցիների հետ։ Նրանց թվում են Պուտինի մտերիմ թիմակիցներ Գենադի Տիմչենկոն, Իգոր Սեչինը, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալներ Ալեքսեյ Գրոմովը և Սերգեյ Կիրիենկոն և նույնիսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մոսկվան առաջին անգամը չէ, որ փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա «միգրացիոն շանտաժի» միջոցով։ Ադրբեջանական մամուլի համաձայն` Մոսկվան ուզում է պատժել Ադրբեջանին Հայաստանին ջախջախելու և Թուրքիայի հետ մերձենալու համար, այն բանի համար, որ ձախողվել են Ադրբեջանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ բերելու հերթական փորձերը, Հարավային գազային միջանցքի վստահ մեկնարկի համար:

Ռուս-ադրբեջանական տարաձայնությունների մասին պաշտոնական Մոսկվան հրապարակավ չի խոսում` ի տարբերություն ռուս-թուրքական տարաձայնությունների։ Սակայն նույնիսկ այս դեպքում ռուսաստանցի պաշտոնյանները սիրում են կրկնել, թե չնայած այդ տարաձայնություններին` Պուտինին և Էրդողանին միշտ հաջողվել է պայմանավորվել։

Այդուամենայնիվ, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը երկու օր առաջ հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստ է ներդրումներ կատարել պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած տարածքների վերականգնման համար։

«Ինչպես գիտենք, ադրբեջանական ղեկավարությունն այժմ մշակում է կոնկրետ շրջանների վերականգնման ծրագրեր, օրինակ՝ Աղդամի։ Դրան պետք է հետևեն նաև այլ շրջանների վերականգնման ծրագրեր։ Մենք շահագրգռված ենք միանալ այդ գործընթացին», - հայտարարել է ռուս դիվանագետը։

XS
SM
MD
LG