Այլ հետաքրքիր մասեր էլ կան, այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը` հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, առանց մանրամասնելու, թե ինչպես է նախկին նախագահի ձեռքում հայտնվել այդ ձայնագրությունը:
«Մանրամասնել, թե ոնց է հասել բուն այդ ձայնագրությունը մեզ, չեմ կարող, դա ճիշտ չէ, բայց ձայնագրությունը վերաբերում է 2019 թվականին նոյեմբերին, երբ Արցախի, այդ ժամանակ դեռ նախագահ չէր, Արայիկ Հարությունյանն իր կուսակցական պատվիրակությամբ եկել է դավադիր կապիտուլյանտի մոտ աուդենցիայի: Ինձ պատմել են պարզապես: Եղել է օֆիցիալ մաս, հետո կամերաները հանել են, ու եղել է փակ մաս: Այնտեղ էլի հետաքրքիր բաներ կան, ասեմ ձեզ»:
Հարցին, թե նոր ձայնագրություններ հրապարակվելո՞ւ են, պատասխանեց. «Ես չասացի նոր սերիաներ, հետաքրքիր մասեր կան...Կարող է էլի գտնվեն բարի մարդիկ, ավելի, էն էր ասում ա, մարդասպան է, օքեյ, համաձայն ենք, ապացուցի, որ նա մարմնավաճառ է: Կարող է այդ տիպի բարի մարդիկ գտնվեն, ես չգիտեմ, կսպասենք»:
Մեկ այլ հարցին, թե «այդ բարի մարդը հնարավոր է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է` Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած», Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ես ինչքան շփվել եմ Արթուր Վանեցյանի հետ, ինքն իրոք բարի մարդ է, բայց այս դեպքի հետ կապ չունի հաստատ: Բարի է, բայց ինքը չի»:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրեր առաջ հրապարակած ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ տեղի ունեցած մի զրույցից։ Ասում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հորդորել են իրեն՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից, լուծել ղարաբաղյան հարցը։ Վերջիններիս առաջ քաշած «Լավրովյան» հայտնի պլանն անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե դա ենթադրում է տարածքների հանձնում ոչ մի բանի դիմաց։
Աշոտյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, թե այս հրապարակմամբ Սերժ Սարգսյանն ավելի շուտ օգնեց, քան վնասեց Փաշինյանին. «Այդ ձայնագրությունն այդ մարդիկ չեն հասկացել, և նիկոլական պրոպագանդան փորձում է դա ֆռացնել` իբր ընդդիմադիր դաշտում ճեղքում առաջացնելու համար: Ակնհայտ, պրիմիտիվ տեխնոլոգիա է, կոպիտ ասած` մեզ ուզում էին կռվացնել 1-2 իրական ընդդիմադիր այլ ուժերի հետ, որը գուցե մի մոմենտ տատանվեցին, բայց հետո շատ արագ հետ եկան, հասկացան, որ սա նիկոլական մանիպուլյատիվ թեզ է:
Այնտեղ ի՞նչն էր Նիկոլի ճառը, որ ինքը մեր երեխեքի գլուխը կերե՞լ է, որ ինքը պատերազմ է բերել Հայաստան, որ այնտեղ կար լուծում, որ Արցախն Ադրբեջանի մեջ չի լինելու, իսկ ինքն այնպես արեց, որ ոչ միայն ազատագրված տարածքները, Արցախից էլ 2 շրջան, վրան էլ Դադիվանք, Շուշի ու Հադրութ գնացել է Ադրբեջան, դա հայանպա՞ստ է: Ես դրա համար եմ ասում` մոռանո՞ւմ եք, որ այդ ձայնագրության ու քննարկումների արանքում 5000 գերեզման կա: Այդ մարդկանց զգալի մասը պատերազմ չի տեսել, ցավ չի տեսել, ես տեսել եմ»:
Երեկ քարոզարշավի ընթացքում խոսելով ձայնագրության բովանդակության մասին՝ Փաշինյանն ասաց` 2016 -2018 թվականներին ձևակերպվեց և ապրիլյան պատերազմով լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմացլ բանաձևը։ «Հենց այսպիսի ժառանգություն ենք ստացել մենք 2018 թվականին», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։
«Միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունն, ըստ էության, մեր առաջ դրել է խնդիր` վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց», - ասաց Փաշինյանը:
Աշոտյանը Փաշինյանին հակադարձեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հրապարակմամբ։ Արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, որտեղ Փաշինյանը նույն միտքն էր հնչեցրել, ռուսաստանցի համանախագահը դեռ հունվարին հայտարարել էր, որ պնդումը, թե Ռուսաստանը պահանջել է ոչնչի դիմաց հանձնել տարածքներ, իրականությանը չի համապատասխանում. «Ավելին ասեմ ձեզ` երկրորդ էտապում պետք է վերադարձվեր մնացած 2 շրջանը»:
Ինչո՞ւ էր առաջին նախագահը հորդորում Փաշինյանին հրապարակել իրենց 2018 թվականի զրույցի ձայնագրությունը, եթե ձայնագրության հրապարակումն այդքան անընդունելի է, այսպես Աշոտյանն արձագանքեց Տեր-Պետրոյսանի երեկվա քննադատությանը, թե կոմպրոմատային պայքարն անընդունելի է։