«Չկա անվտանգություն, չի կարող լինել խաղաղություն, կայունություն, զարգացում ու բարեկեցություն։ Դաշինքի համար առանցքային է երկրի անվտանգության հարցը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
«Նախընտրական քարոզչությունից առաջ 26 քաղաքական ուժերից միակ առաջնորդը վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն էր, որ այցելեց Արցախի Հանրապետություն` դրանով իսկ հստակ ուղերձ հղելով և՛ համայն հայությանը, և՛ աշխարհին, որ մեր դաշինիքի համար արցախյան կարգավորման էջն ամենևին էլ փակված չէ, մենք մեր արցախահայ հայրենակիցներին մենակ չենք թողնելու», - ասաց նա:
Խաչիկ Գալստյանն անդրադարձավ նաև երեկ դաշինքի մաս կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018-ի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Ըստ այդ ձայնագրության` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները Փաշինյանին հորդորել են լուծել ղարաբաղյան հարցը՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից։ Փաշինյանն այդ ձայնագրությունում ասում է, որ ինքը դեմ չէ եղել ԵԱՏՄ երկրների ղեկավարների այդ առաջարկին։ Ըստ ձայնագրության՝ վերջիններս առաջ են քաշել «Լավրովյան» հայտնի պլանը, ինչն անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի համար, նա պնդել է, որ զորքերը հետ կքաշեն ու Ադրբեջանին կհանձնեն Հայաստանի կողմից անվտանգության գոտի համարված առնվազն 5 շրջանները միայն Ղարաբաղի հատուկ կարգավիճակի դիմաց։
Այս հրապարակումից հետո համացանցում կարծիքներ հնչեցին, որ ձայնագրությունը միայն Նիկոլ Փաշինյանի օգտին էր։ Խաչիկ Գալստյանն այսօր այլ մանրամասներ հիշեցրեց այդ ձայնագրությունից և տարակուսեց, թե այդ ի՞նչն է հատկապես Փաշինյանի օգտին. «Թե ինչում օգնեց, ինձ համար ուղղակի անհասկանալի է, իրեն ամենագետի տեղ դնելով, բայց, կրկնում եմ, տարրական գիտելիքներ չունենալով հայ ազգի ամենակենսական նշանակություն ունեցող արցախյան հիմնահարցի կարգավորման դետալներից` իրեն, խոստովանել է, գժի տեղ դնելով, նա փորձեց ինչ-որ զրոյական կետեր առաջ բերել, իր սեփական կետից բանակցություններն առաջ տանել, արդյունքում մենք տեսանք` ինչ եղավ»:
Շատերն, ըստ Խաչիկ Գալստյանի, այլ ձայնագրության ակնկալիք ունեին, բայց ընդգծեց՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ընտանիքը սրբություն է ու գոնե այս նախընտրական պայքարում չպետք է դառնա հասարակական ծամոնի առարկա։ Հիշեցնենք` հենց Սերժ Սարգսյանն էր հորդորել Փաշինյանին՝ որդուն փոխանակել գերիներով, նա էլ ընդունել էր այդ առաջարկը։
«Այդպիսի հնարավորություն և այդպիսի պատրաստակամություն ունեցող մարդը հունվարի 11-ին` Մոսկվայի բանակցություններից առաջ ֆեյսբուքյան ստատուսի փոխարեն, որտեղ նա ասում էր, որ գնում եմ գերների հարցը լուծելու և հետ բերելու, այդ առաջարկը պաշտոնապես թող այն ժամանակ հնչեցներ, այն ժամանակ ուղիղ բանակցությունների ժամանակ, Ալիևի հետ ուղիղ հանդիպման ժամանակ գերիների հարցը և իր տղայի` այդ բարոյական տեսանկյունից, իհարկե, ընդունելի և Ստալինի, երևի հիշում եք այդ հայտնի դրվագներից մեկը, դրա հետ համեմատության արժանի դրվագը մեր ժողովուրդը, կարծես թե, կընդուներ, կհասկանար», - նշեց Գալստյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, հիշեցնենք, նախկինում հատարարել էր, թե իր իշխանության գալու դեպքում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց, ու որ ինքն անձնական կապեր ունի։ Խաչիկ Գալստյանից հետաքրքրվեցինք՝ եթե համարում եք, որ կառավարությունն այս հարցում ոչինչ չի անում, գուցե Վանեցյանն արդեն փորձե՞լ է սեփական կապերով գերիների վերադարձի հարցը լուծել:
«Հաշվի առնելով, որ իշխանությունն այսօր տիրապետում է մանիպուլյացիայի սարսափելի գործիքակազմի, ես վստահ եմ, որ նույնիսկ եթե անձնական կապերով մի քանի մեր հայրենակիցների վերադարձն ապահովվեր, իշխանական քարոզչամեքենան այդ տեղեկատվությունը գլխիվայր շուռ տալով, կմատուցեր մեր հանրությանը և աշխարհին կասեր, կամ հանրությանը կմատուցեր, կասեր` այ տեսեք, Վանեցյանն Ալիևի հետ պայմանավորվել է, գերիներին պահել է, և ինքը հիմա այդ գերիներին հետ է բերում, որ իշխանության վարկանիշն իջեցնի», - ի պատասխան ասաց «Հայրենիքի» ներկայացուցիչը: