Այսօր Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տարակուսանք հայտնեց, թե ինչ նպատակով է երեկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել ղարաբաղյան հարցի վերաբերյալ ձայնագրությունը, որում Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Սարգսյանը հրապարակել ու դիտարկումներ էր արել, թե այս ձայնագրությունը վարկաբեկում է վարչապետի պաշտոնակատարին, մինչդեռ Փաշինյանի համոզմամբ` այն իր օգտին է։
Ասաց` Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն իրեն առիթ է տալիս ավելի բաց ու մինչև վերջ խոսել ղարաբաղյան թեմայով. «Ես էլ չգիտեմ, ես էլ երեկվանից մտածում եմ, ասում եմ` լավ, գործընկերների հետ էլ քննարկում եմ, ասում եմ` մի հատ դուք ասեք ձեր տեսակետը, այս ձայնագրությունն ինչի՞ համար է հրապարակել այդ մարդը, ինչի՞ համար»:
Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց իր նախկինում արտահայտած միտքը, թե 2018 թվականին ղարաբաղյան հարցը ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում։ Մի քանի անգամ շեշտեց, որ միջազգային միջնորդների և Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները համընկնում էին, և որ «ԵԱՀԿ միջնորդները, որոնք բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության, ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները որպես բանակցային գործընթացի զարգացում»։ Շեշտեց, որ Ադրբեջանի համար շահեկան այդ իրավիճակն ստեղծվել է դեռ 2016-ի հունվարին, երբ ԵԱՀԿ միջնորդները «Հայաստանին պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից»։
«Միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունն, ըստ էության, մեր առաջ դրել է խնդիր` վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Խոսեց «Լավրովյան պլանի» 5 գումարած 2 բանաձևից, որը ենթադրում էր Ադրբեջանին հանձնել նախ Ղարաբաղի հարակից 5, ապա՝ 2 շրջանները։ Իր համոզմամբ` դա, ըստ էության, ծրագիր էր, որը ենթադրում էր տարածքների հանձնում ոչ մի բանի դիմաց. «Նախկինում գոյություն ուներ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո գոյություն ուներ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018թթ. ձևակերպվեց «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը»:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց 1998 թվականին Ղարաբաղը որպես կողմ բանակցություններից դուրս թողնելու փաստը։ Բանակցային կողմ լինելը շատ անկյունաքարային նշանակություն ուներ Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման համար, բայց «այդ հնարավորությունը զիջվեց Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ, և Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից», ասաց վարչապետի պաշտոնակատարը. «Մեր զոհերի, մեր նահատակների արյունը 1998 թվականի այդ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց, Ղարաբաղ իշխանության դիմաց բանաձևը գործի դրվեց 98 թվականին, հաջորդ փուլում մեջտեղ բերվեց Մեղրին փոխանակելու կամ ավելի ճիշտ` Մեղրին Ադրբեջանին հանձնելու, Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը, որի համատեքստում Շուշին անջատվեց բանակցային բովանդակությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, և դրվեց Լաչինին, և ինչպես Վարդան Օսկանյանն էր ասում, օկուպացված տարածքների հետ նույն շարքում, և ըստ էության, այո, հիմա կարող ենք ասել, որ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքերի գնով փրկեցին Մեղրին»:
Փաշինյանի խոսքով` իր գլխավորած իշխանությունն անցած երեք տարիներին իրենց ուժերի ներածին չափով պայքարել է, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա։ Ընդգծեց` ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը բանակի ու սպառազինության որակի մեջ է։
Սերժ Սարգսյանի երեկվա հրապարակած ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները 2018-ի մայիսին սուրճի սեղանի շուրջ հորդորել են իրեն՝ օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից, լուծել ղարաբաղյան հարցը՝ ըստ «Լավրովյան պլանի»։ Դա անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի համար. պնդել է, որ զորքերը հետ կքաշեն ու Ադրբեջանին կհանձնեն Հայաստանի կողմից անվտանգության գոտի համարված առնվազն 5 շրջանները միայն Ղարաբաղի հատուկ կարգավիճակի դիմաց։
3 րոպեանոց ձայնագրության մեջ Հայաստանի ղեկավարն այդ պարտադրող իրավիճակը կանվեյեր է անվանում և ներողություն խնդրելով արտահայտության համար` ավելացնում, թե հասկացել է, որ այդ կանվեյերից պետք է դուրս պրծնել ու ճիշտ տեղում հայտնվել «թեկուզ մի քիչ գժի տեղ դնելով, մի քիչ ոչ ադեկվատ թվալով», ասել է նա։