«Հիմնավոր կասկած ունեմ` Շուշին գիտակցաբար հանձնվել է. գործարք է եղել». Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքն այսօր Արագածոտնի մարզում էր, նախընտրական քարոզարշավի առաջին կանգառը` Թալինի մշակույթի տանը։ Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի հիմնական թեման գործող իշխանության քաղաքականության հետևանքներն էին՝ պատերազմ, պարտություն, տնտեսական անկում և երկրում սրված ատելության մթնոլորտը։ Դժգոհեց, թե նախկինում չնայած քաղաքական ուժերի սուր տարաձայնություններին, երբեք այսպիսի ատելության մասշտաբներ ու հասարակության բևեռացում չի եղել։

«Այս աստիճանի երբեք չի եղել, և այս իրավիճակն ունի շատ ծանր հետևանքներ` ինչպես տնտեսական քաղաքականության վրա, այնպես էլ միգրացիոն իրավիճակի վրա», - ասաց նա:

Իսկ ինչպե՞ս է Քոչարյանը պատկերացնում իր նկարագրած խնդիրների լուծումները. օրինակ` Ադրբեջանի բանտերում գտնվող հայ ռազմագերիների վերադարձը։ Ռոբերտ Քոչարյանի պատկերացմամբ` Հայաստանը պետք է խորհրդարանական դիվանագիտությամբ կարողանար միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մինչդեռ հայկական կողմը խնդրի լուծումն ամբողջությամբ թողել է Ռուսաստանին. «Ըստ էության ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ, ոչինչ, հենց գերիների թեման բարձրանում է, թեման ռուսների գրպանում է, ֆսյո, գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը, ոնց որ մենք կապ չունենք էլի դրա հետ, ոնց որ գեներալ Մուրադովը մեղավոր է, որ գերի է ընկել ու պարտավոր է գնալ, այդ գերիներին բերել։ Սա է իրենց վերաբերմունքը: Ուրեմն այս հարցով մենք շատ արագ այնպիսի ճնշում ենք գործադրելու Ադրբեջանի վրա իմ ասած եղանակներով, բոլոր հնարավոր խողովակներով, ու մենք այս հարցը լուծելու ենք»:

Հայաստանի նախկին ղեկավարն անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն փոխանակել Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հետ։ Այս առաջարկն առաջինն արել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե եթե Փաշինյանն ուզում է գերիներին վերադարձնել, թող իր որդուն տա 20-25 գերու դիմաց, ինչից հետո Փաշինյանը հայտնեց, թե պատրաստ է այդ լուծմանը։

«Անբարոյական եմ համարում, երբ ուղղակի երկրի ղեկավարը, ոչինչ չանելով այդ ուղղությամբ, ասում է` դե ոչինչ, մի երկու ամիս էլ կնստեն, մեզ կներեն, ու դրանից սկսվում է մի ուրիշ թեմա` տղաս կտամ, էս կտամ, էն կտամ: Հո մենք միջնադարում չենք ապրում: Հայտարարեց, հիմա այդ ընտանիքները պիտի ասեն` այ, էսա կփոխանակեն: Պարզ է, որ չի լինելու դա չէ՞, դու ինչի՞ համար ես մի հատ էժանագին ևս մարդկանց ինչ-որ հույս տալիս, որ էլի պիտի մտածեն, որ էսա կլինի, պարզ է, որ չի լինի: Ո՞նց ես դու պատկերացնում` 21-րդ դարում ինչ-որ մեկը գնում է, մյուսներին բաց են թողնում: Լավ, այդ աստիճանի պրիմիտիվ դեբիլություն մինչև ե՞րբ մենք պիտի տանենք»:

Հարց հնչեց նաև 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մասին։ Ռոբերտ Քոչարյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Շուշին հանձնել են: Հայտարարեց, թե հակառակորդը Շուշի է մտել առանց զինտեխնիկայի: Հիշեցրեց ղարաբաղյան կարգավորման դիմաց Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանությանը ենթադրաբար առաջարկված 5 միլիարդի պատմությունը. «Այդ պատճառով մարդիկ հիմնավոր կասկած ունեն մտածելու, որ այստեղ գործարք է եղել, որ Շուշին հանձնվել է: Ես այդ հիմնավոր կասկածն ունեմ, և այն խոսակցությունները 5 միլիարդի մասին և այլն, պարապ խոսակցություն չեն, կոնկրետ նման առաջարկ եղել է, նման ձայնագրություն հնչել է: Առաջարկ եղել է նաև այս իշխանությանը, և այս իշխանափոխությունից հետո է միայն պարզվելու, թե իրականում ինչ է կատարվել: Ես ունեմ շատ մեծ կասկածներ, որ այո, Շուշին գիտակցաբար հանձնվել է»:

«Հայաստան» դաշինքի առաջնորդը կանգ առավ նաև Ալագյազ համայնքում, որտեղ հիմնականում եզդիներ են բնակվում։ Բնակիչներից մեկը դժգոհեց, որ եզդիական համայնքը ազգային փոքրամասնություններից ամենամեծն է, բայց ընդամենը մեկ պատգամավոր ունի Ազգային ժողովում։ Առաջարկեցին երկուսը դարձնել։ Ռոբերտ Քոչարյանն էլ դժգոհ էր, որ հայկական դպրոցներում եզդիների ավանդույթների մասին դասաժամեր չկան։ Քոչարյանը մարդկանց հետ զրուցել է ու պարզել, որ խնդիր կա՝ հայերը լավ չեն ճանաչում եզդիներին։

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը շարունակվեց Ապարանում, Քոչարյանի աջակիցների շարքերում էր նաև նախկին գլխավոր դատախազ, ապարանցի Աղվան Հովսեփյանը։ Նախընտրական հանդիպումներն ամփոփվեցին Աշտարակում՝ հանրահավաքով։