Մատչելիության հղումներ

«Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ հարյուրավոր ընտանիքներ սպասում են երեխաների վերադարձին»․ նախագահը՝ «Հորասիս»-ի հանդիպմանը


«Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանում: Հայկական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա չի արել», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Զորացնելով համընդհանուր մարդկայնությունը» խորագրով «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի գլոբալ հանդիպմանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով։

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին մտածել: Սակայն, նրա համոզմամբ, «չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»:

Նշելով, որ մարդկային լինելն անհրաժեշտություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ այս պահին Հայաստանը նման վարքագծի դրսևորման ազդանշան է ակնկալում հարևան Ադրբեջանից։

Մարդկայնության թեմայի շրջանակում նախագահը խոսել է սիրո մասին՝ նշելով․ - «Դա այն բաղադրիչն է, առանց որի մենք չենք կարող վերակառուցել Հայաստանը, ինքներս մեզ, վերագտնել հույսը, որ կրկին դառնալու ենք ուժեղ երկիր»:

Հարցին, թե՝ որքանո՞վ է դժվար երկրի կամ ժողովրդի համար սիրել հարևանին, եթե կա պատերազմ, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Սերը տարբեր դրսևորումներ ունի: Երբ խոսում եմ սիրո մասին, նախ նկատի ունեմ անհատի սերը ընտանիքի, բարեկամների, երկրի, բնության նկատմամբ: Սեր է նաև այն, երբ սիրում ես լինել մարդ և ապրել մարդկային գիտակցությամբ, ունես բարոյականության մակարդակ: Դա օգնում է նաև հարևանների հետ հարաբերություններում: Սիրել չի նշանակում, որ եթե ունես ողբերգական պատմություն, այն էլ այնպիսին, ինչպիսին հայկականն է Թուրքիայի պարագայում, կարող ես վաղն անմիջապես անցնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն դա այն ճանապարհն է, որով պետք է սկսես անցնել այսօր: Հայերն ու թուրքերը չեն կարող փորձել միասին ևս 100 կամ 200 տարի ապրել առանց գիտակցելու, որ պետք է առնվազն հարգել միմյանց իրավունքները: Իսկ թե միմյանց հանդեպ հարգանքը կարելի՞ է սեր անվանել, դուք որոշեք: Սակայն կարևոր է միմյանց իրավունքները հարգելը: Եթե այսօր Ադրբեջանը վերադարձնի ռազմագերիներին Հայաստան, վստահեցնում եմ, որոշ հայեր ինչ-որ կերպ, թեկուզ դժվարությամբ, սակայն կգնահատեն դա»:

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ավելի քան 200 գերի։ Պաշտոնական Բաքուն, սակայն, միայն 72-ի մասին էր հաստատում ներկայացրել, որ այո՛, նրանք պահվում են ադրբեջանական բանտերում:

Նշենք, որ եռակողմ հայտարարությունից հետո՝ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք. հրաժարվում են հեռանալ, ավելին՝ արդեն գերեվարել են 6 զինվորականի, ևս մեկ զինվորական էլ սպանվել է։

XS
SM
MD
LG