«Ազատ Հայրենիք» դաշինքը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը Գեղարքունիքի մարզում էր:
«Մենք ո՛չ Ռոբերտի հետ ենք, ո՛չ Նիկոլի հետ ենք», - հայտարարեցին դաշինքի անդամները:
5 ուժերից կազմված դաշինքի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք Սարի թաղի անկարգությունների գործով գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր Անդրիաս Ղուկասյանն է։
Դաշինքի նպատակներն են անվտանգության վերականգնումը, Արցախի միջազգային ճանաչումն ու տնտեսության կայուն զարգացման ապահովումը, ասում է Ղուկասյանը. «Գլխավոր մեսիջը դա է: Գլխավոր երեք խնդիրները, որ այսօր հուզում են, մեր հարցումները ցույց են տալիս, մեր քաղաքացիներին, մեր ընտրողներին, դա այդ երեք հարցն է` անվտանգություն, Արցախի ապագա, Արցախի կարգավիճակ և տնտեսության կայուն զարգացում»:
Նախընտրական փուլում գործող ու նախկին իշխանությունների միջև ով է պատասխանատու, ով է մեղավոր բանավեճն ու փնտրտուքն, Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ, շեղում է հասարակությանը կարևորագույն հարցերից. «Հայաստանը պիտի կողմնորոշվի իր արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորի մեջ, ուղղության մեջ, և մենք հանդես ենք գալիս ծրագրով, որ Հայաստանը լիարժեք հաստատի և իրականացնի իր ինքնիշխանությունը: Այսօր, առավել քան երբեք մեզ հարկավոր է ունենալ անկախ արտաքին քաղաքականություն, որովհետև տեսնում ենք` Ֆրանսիան, ԱՄՆ-ն իրենց ձեռքն են պարզել Հայաստանին և առաջարկում են իրենց օժանդակությունը` և՛ տնտեսական, և՛ ռազմական: Այդ օգնությունն ընդունելու համար Հայաստանը պետք է իր քաղաքականության մեջ լինի անկախ իսկապես: Այս ընտրություններն, ըստ էության, հանրաքվե են, և մեր քաղաքացիները պիտի որոշեն` Հայաստանը շարունակի՞ մնալ Ռուսաստանից կախված պետություն, թե՞ լիարժեք իր ինքնիշխանությունը հաստատի»:
«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածուն ասում է՝ քաղաքակիրթ աշխարհը Հայաստանի կողքին է եղել, սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում չի կարողացել օգնության ձեռք մեկնել, քանզի «Ռուսաստանի սատելիտ պետությունը մեկուսացել է»:
«Չուզողը դարձանք մենք մեր ժողովրդով և մեծ գին վճարեցինք` այդ 4 հազար զինվորների կյանքը նաև պայմանավորված է մեր սխալ արտաքին քաղաքականության հետևանքներով», - ասում է նա:
Ըստ որոշ հարցումների` «Ազատ Հայրենիքի» վարկանիշը մեկ տոկոսի էլ չի հասնում. Ղուկասյանն արձագանքում է. «Ինչ վերաբերում է հարցումներին, բնականաբար մենք նույնպես անում ենք հարցումներ, դա, իհարկե, սոցիալական հարցումներին լայն առումով չի հասնում, բայց այն հետազոտությունները, որ մենք արել ենք, օրինակ` հունիսի 5-ին Երևանի 4 վարչական շրջաններում, ցույց են տալիս, որ մենք 3-րդն ենք այս ընտրապայքարում եղել այդ օրերի դրությամբ»:
Պարզվեց` նույն պահին Հրազդան քաղաքում քարոզարշավ էր իրականացնում նաև Դավիթ Սանասարյանի գլխավորած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը: Վարչապետի թեկնածուները պատահաբար տեսան միմյանց. «Մենք չենք հանդիպել երևի ահագին ժամանակ: Բանտից դուրս գալուց հետո հանդիպեցինք», - ասաց Ղուկասյանը:
«Ամեն դեպքում մենք ընկերներ ենք, պայքարի ընկերներ ենք` անկախ նրանից, որ առանձին ուժեր ենք, կապ չունի, մեր ճանապարհն ընդհանուր է», - նշեց Սանասարյանը:
Դաշինքին մաս կազմող ուժերից մեկն «Ազգային ինքնորոշում միավորումն» է: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը, սակայն, դաշինքի ընտրական ցուցակում չկա, ասում է՝ իրենք իրականացնում են ժողովրդի՝ ազգային քաղաքական ուղղությունները միավորելու և միասին ընտրությունների գնալու պահանջը. «Մենք հանդես ենք գալիս դաշինքով, այս ընտրություններին մասնակցում է ընդամենը 4 դաշինք, բայց այդ 4 դաշինքի մեջ նույնպես մենք առաձնանում ենք, առաձնանում ենք ոչ միայն իր մասնակիցների նաև որակներով, օրինակ` «Ազգային ինքնորոշում միավորումն» ամենահին ազգային կազմակերպությունն է Հայաստանում մշտապես գործող և հիմնարար ներդրումներ ունի, Անդրիաս Ղուկասյանն անհատական որոշակի ներդրում ունի և ցույց է տվել բարոյակամային բարձր հատկանիշներ, Արշակ Սադոյանը հայտնի է բոլորիս որպես անկոտրում ընդդիմադիր, «Արդարություն» կուսակցությունն իր հերթին, Կանաչները…, Պահպանողականությունն ազգայինի հիմնական արժեքները պահող կառույցն է: Եվ այդ տեսակետից տեսնում ես, որ միակ դաշինքն է, այսինքն` միակ քաղաքական ուժը, որը տրամադրված է ազգային, նույնիսկ ենթագիտակցական զգացողության միջոցով հարցերը լուծել»:
Քաղաքացիներն իրենց լավն են ուզում, այդ մարդիկ կողմնորոշվելու հնարավորություն ունեն, ընդգծում է ԱԻՄ առաջնորդը: Անդրադառնալով նախընտրական ընթացքին` Հայրիկյանն ասաց՝ քննադատությունները միշտ օգտակար են քարոզարշավի ընթացքում, սակայն երբ այն հասնում է փողոցային խոսելաձևի, ամաչում ես քո ժողովրդի համար։