Մատչելիության հղումներ

ՀՀ-ին պետք է նոր անվտանգության համակարգ ու քաղաքականություն, կարծում են «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքում


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» և քաղաքագետ Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունների համատեղ՝ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ծրագիրն առաջիկայում կհրապարակվի, ասում է կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը։

«Մեզ պետք է նոր անվտանգության համակարգ, նոր անվտանգության քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն», - նշում է նա:

Ցուցակի երկրորդ համարը` Լևոն Շիրինյանն էլ հավելում է. «Մեր համապարփակ ծրագրի գլխավոր հարցը Հայաստանի մոդեռնացումն է` վերականգնումը»։

Այսօր դաշինքի անդամները Թալինում էին, այցելությունը կարճատև էր, բայց Լևոն Շիրինյանի կարծիքով՝ շատ արդյունավետ։

Թալինի բնակիչներից ոմանք հետևում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ոմանք՝ ոչ պատճառաբանելով՝ հետաքրքիր չէ: Ասում են` ծրագիր ներկայացնելու փոխարեն քաղաքական ուժերը միայն վիճում են ու իրար հայհոյում. «Կուզեմ էս գզգզոցը վերջացնեն, իրար ուտելը, համախմբվեն, սաղով մի լավ մարդու ընտրեն, էս երկիրը դզեն։ Էդ է իմ ուզածը»:

«Քաղաքացիների համար կարևորը երկրի անվտանգությունն ա, թող մի երկու օր սոված մնան, բայց անվտանգ լինեն, թուրքը չգա, մտնի Վարդենիս, Սյունիք», - նշում է մյուսը։

Հնչում էին նաև այս կարծիքները. «Մեկը մյուսին ա անպատվում, նախկինները, նախկինները ներկաներին, ուրիշ ի՞նչ են ասում: Չեն ասում՝ ինչ պիտի անենք, ինչ չանենք, անվտանգության հարցով ոնց անենք: Էն ասում ա՝ 30 տարի կերել ա, էն էլ ասում ա` 30 տարի նրանք են կերել, դե արի, իմացի՝ ով ա կերել»։

«Ես լավատես եմ, սպասում եմ, որ պետք է լավ լինի»:

XS
SM
MD
LG