Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյան. Крым наш 


Ռուսաստանից ավելի լավ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ, իշխանության գալուց հետո պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրացրոն գործընթացներ ունենալը և ռուսերենի դերի բարձրացումը, այսօր Մոսկվայում Կրեմլի խոսափողը համարվող Վլադիմիր Սոլովյովի Соловьёв Live հաղորդման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով՝ «Крым наш»։

«Крым наш»՝ «Ղրիմը մերն» է արտահայտությունը հաճախ կիրառում են Ռուսաստանում, հատկապես Կրեմլին աջակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հանրային գործիչներն ու լրագրողները՝ նման կերպ իրենց աջակցությունը հայտնելով 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթմանը։

«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և ավելի լավ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ։ Ռուսաստանի հետ պետք է ունենանք ճիշտ, ուղիղ հարաբերություններ։ Ռուսաստանը չի հանդուրժում ստախոսներին, մարդկանց, որոնք ուղիղ չեն խոսում իրենց խնդիրների, հարաբերությունների մասին, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել։ Ռուսաստանը սովորական երկիր չէ, Ռուսաստանը գերտերություն է։ Կարծում եմ, որ իշխանության գալուց հետո պետք է դիտարկենք Ռուսաստանի Դաշնության հետ ավելի սերտ համագործակցության հարցը, ավելի խորը ինտեգրացրոն գործընթցաներ ունենալը, և պետք է անել այնպես, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները այնպիսի մակարդակի բարձրանա, որ ոչ ոք չկարողանա այն փոխել», - ասել է Վանեցյանը։

Սոլովյովի հարցին, թե ումն է Ղրիմը, Վանեցյանը արձագանքում է՝ մերը։ Հետո մանրամասնում է՝ ավելի ճիշտ՝ ձերը․ - «Անկեղծ ասաց՝ Ղրիմը ռուսաստանյան է։ Ղրիմի ժողովուրդը, Ղրիմի բնակչության ավելի քան 95 տոկոսը քվեարկության միջոցով հայտարարեց Ռուսաստանին միանալու մասին, և հանրաքվեի ժամանակ արտահայտված ժողովրդի կամքը անսասան է։ Կարծում եմ, որ բոլորը պետք է հարգեն Ղրիմի ժողովրդի ինքնորոշվելու կամքը, և վստահ եմ, որ, այո, Ղրիմը ռուսաստանյան է։ Սակայն եկեք զուգահեռներ անցկացնենք։ Ղարաբաղում դեռ 1990-ականներին... Ղարաբաղում, Արցախում ապրող ժողովուրդը նույնպես ինքնորոշվեց հանրաքվեի միջոցով, սակայն, ցավոք, Արցախի ժողովորդի ինքնորոշվելու կամքը աջակցություն չստացավ։ Աջակցեց Ռուսաստանը, աջակցեցին որոշ երկրներ, բայց ղարաբաղյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ երեք սկզբունքներից, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում էին՝ ժողովուրդների ինքնորոշվելու իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը, այդ սկզբունքներից երկուսը խախտվեցին՝ ուժի չկիրառումը և ինքնորոշվելու իրավունքը»։

Վանեցյան. Я кадровый чекист

Նշելով, որ ավարտել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի ակադեմիան և հպարտ է, որ այնտեղ լավ կրթություն է ստացել, Վանեցյանը ընդգծեց՝ ինքը կադրային չեկիստ է` Я кадровый чекист:

«Չեկիստ» անվանում էին Խորհրդային Միության Պետանվտանգության կոմիտեի՝ КГБ-ի աշխատակիցներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո նման կերպ սկսեցին կոչել ռուսաստանյան հատուկ ծառայության՝ ФСБ-ի աշխատակիցներին։

Հիշեցնենք՝ 2018թ. մայիսից մինչև 2019թ. սեպտեմբեր Արթուր Վանեցյանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, ով այդ ընթացքում ստացավ գեներալ-մայորի կոչում։

«Հայաստանում ռուսերենը կարծես երկրորդ պլանում է։ Անձնապես ինձ համար ռուսերենը մշակույթի լեզու է, մշակութային լեզու է, մի լեզու, որով գրվել են գրքեր ստեղծագործություններ։ Կարծում եմ, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի», - ասել է Վանեցյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG