Մատչելիության հղումներ

Վարչապետի թեկնածուներից ամենահարուստը Գագիկ Ծառուկյանն է


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուներից ամենահարուստը, ինչպես նախորդ տարիներին, Գագիկ Ծառուկյանն է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2020-ի մայիսից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածի համար ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հայտարարագրել է մի ողջ կարողություն՝ 54 ընկերությունների բաժնետոմսեր, թանկարժեք զարդեր, կահույք, հեկտարներով հողատարածքներ ու նույնիսկ 252 հազար եվրո արժողությամբ վարագույր։

13 էջից բաղկացած հայտարարագրի համաձայն, Հայաստանի, թերևս, ամենամեծահարուստ քաղաքական գործչին պատկանող բնակարանների և տների ընդհանուր մակերեսն անցնում է 21 հազար քառակուսի մետրը, պատկանող հողատարածքները չափվում են հարյուրավոր հեկտարներով։

Արտահերթին 92 հոգանոց ցուցակով մասնակցող ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարագրել է 17 ավտոմեքենա։ Հայտարարագրում ամենաշատը աչքի ընկնող հատվածը, թերևս, նրան պատկանող կահույքն ու թանկարժեք զարդերն են։ Այսպես, ընդդիմադիր մեծահարուստ գործիչն ունի ավելի քան 4 միլիոն 700 հազար եվրո արժողության կահույք, նրա զարդատուփերում տեղ են գտել 6 միլիոն 600 հազար դոլար արժողության զարդեր։

Մեկ տարվա ընթացքում գործարար պատգամավորը ստացել է 856 միլիոն դրամ, 33 հազար դոլար, 562 հազար եվրո եկամուտ։ Իսկ հայտարարագրման ժամանակ Ծառուկյանի հաշվին եղել է 877 միլիոն դրամ, 53 միլիոն դոլար, 5 միլիոն եվրո։ Նրա եկամուտները գոյացել են պատգամավորի աշխատավարձից, բանկային տոկոսներից, շահաբաժիններից, ավանդներից, բաժնեմասերից։

Ծառուկյանի համեմատ բավականին համեստ է թվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարագիրը։

Այսպես, Հայաստանի երկրորդ նախագահը 2 բնակարան է հայտարարագրել՝ մեկը Երևանում, մյուսը Ստեփանակերտում։ Մեկ տարվա ընթացքում վաստակել է 277 հազար դոլար և մոտ 29 միլիոն դրամ՝ պարտատոմսերից։ Նրա եկամտի աղբյուրներն են՝ ռուսական կապիտալով հայտնի «Սիստեմա» բաժնետոմսերի ֆինանսական կորպորացիայից ստացված աշխատավարձը, բանկային ավանդները և պարտատոմսերը։

Մարտի 1-ի գործով արդարացվելուց առաջ կալանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակված նախկին նախագահ չի հայտարարագրել ո՛չ ավտոմեքենա, ո՛չ թանկարժեք գույք։

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կարողությունն է՛լ ավելի համեստ է։ Ըստ հայտարարագրի, Հայաստանի առաջին նախագահին է պատկանում Երևանում գտնվող առանձնատունն իր հողամասով, ինչպես նաև 3 հասարակական տարածք։

Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա կարողությունը կազմել է 2000 դոլար։ Տեր-Պետրոսյանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել է 12 միլիոն դրամ։

Համեստ է նաև Հայաստանի գործող ղեկավարի կարողությունը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական, ո՛չ էլ թանկարժեք գույք։ Նրա միակ եկամուտը 11 միլիոն 870 հազար դրամ աշխատավարձն է։ Իսկ հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա հաշվին դրամական միջոցներ չեն եղել։

Փաշինյանին ընդդիմախոս, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարագրել է 1 անշարժ գույք, որպես ԱԱԾ-ական՝ ստացած 2 միլիոն դրամից ավելի թոշակ։ Նրա բանկային հաշիվներում 10 միլիոն դրամ և 25 հազար դոլար կա։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գույքը կազմում է վանաձորյան մեկ բնակարանը, 1 ավտոմեքենան և պատգամավորի մեկ տարվա աշխատավարձը՝ 7 միլիոն 510 հազար դրամ։

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» գլխավորող պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարագրել է 1 առանձնատուն Երևանում, 1 ավտոմեքենա, պատգամավորի մեկ տարվա աշխատավարձ՝ 8 միլիոն դրամ։ Որևէ այլ գույք, այդ թվում՝ թանկարժեք չունի։

Բավականին բազմազան է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարագիրը։ Նրան է պատկանում 100 հազար դոլար արժողությամբ գրիչների հավաքածու, 25 հազար դոլարանոց ժամացույց։ Սարգսյանի եկամուտը կազմել է 28 միլիոն դրամ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։

Թանկարժեք գույքով է աչքի ընկնում նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։ 75 հազար եվրոյանոց 1 ձեռքի ժամացույց, ևս մեկ ձեռքի ժամացույց էլ 52 հազար դոլար արժողությամբ, 16 հազար դոլարանոց 1 ոսկյա խաչ, 2 բնակարան, 1 ավտոմեքենա։

Հաշվետու ժամանակաշրջանում Արզաքանցյանի եկամուտները կազմել են 57 միլիոն դրամ՝ ստացված «Ցար Տիգրան» ընկերությունից, իսկ դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են 35 միլիոն դրամ, 80 հազար դոլար, 60 հազար եվրո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG