Այսօր 25-ամյա պայմանագրային զինծառայող է գերեվարվել Գորիսի տարածաշրջանի Սև լճի հատվածից։ Ըստ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ շարքային Քաթանյանը մառախուղի պատճառով ապակողմնորոշվել է տեղանքում ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվության՝ հայկական կողմը ականապատման նպատակով դիվերսիոն փորձ է արել, Քաթանյանին էլ ներկայացնում են որպես դիվերսանտ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտում է՝ Բաքվի այս հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։
«Ավելի քան վստահ եմ, որ սուտ է, ես վստահ եմ, որ ընդհանրապես տենց բան չի եղել», - ասաց Գորիսի անվագանու անդամ, Վերիշեն համայնքի բնակիչ Նարեկ Օրդյանը:
Օրդյանը տեղանքին ու ադրբեջանցիների նոր դիրքավորումներին շատ լավ ծանոթ է՝ հավանական պատճառ մառախուղն է համարում. «Էստեղ մառախուղ որ լինում է, տեղաբնակներն էլ են շատ ժամանակ մոլորվում»:
Հայաստանն արդեն Եվրոպական դատարան դիմում է ուղարկել այսօր գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
Ադրբեջանական զորքը մայիսին մտավ Սև լճի տարածք, խորացան կիլոմետրերով դեպի Վերիշեն գյուղ, գերեվարման այս դեպքն, ըստ Օրդյանի, Սև լճի աշտարակի մոտ է տեղի ունեցել, նույն ուղղությամբ ադրբեջանցիները մայիսի 20-ին երկու հարձակում էին ձեռնարկել:
«Էդ նույն տեղը արդեն, որ իրանք իջել են, 3,5 կմ են ասում, նորից եմ կրկնում՝ 5 կմ-ից ավելի է, եթե Սև լճից ենք հաշվում: Այդտեղ ամսի 20-ին երկու անգամ փորձ են արել նորից իջնեն, էդ հայտնի միջադեպը, որ եղել ա, էդ տարածքից, հենց անմիջապես նույն վայրից», - ներկայացրեց Գորիսի ավագանու անդամը:
Ադրբեջանցիները նահանջել էին՝ տևական ձեռնամարտից հետո: Այժմ, Ըստ Օրդյանի, Սև լճի տարածքում հայ ու ադրբեջանցի զինվորները միմյանցից հեռու են 20 -ից մինչև 200 մետր, ամենօրյա միջադեպերն անպակաս են։ Մայիսի 12 -ից հետո արդեն 7-րդ հայ զինծառայողն է գերեվարվում, վերիշենցի Օրդյանը նկատել էր՝ այսօր ռուս զինվորականներով մեքենաներ էին բարձրացել Սև լճի տարածք, բայց ասում է՝ բանակցություններից այլևս ոչ մի հույս չկա:
«7-րդ գերին մեր տարածքից, դա լրիվ աբսուրդ չգիտեմ ինչ ա դարձել, մեզ ինչի տեղ են դրել, դա հնարավոր չի այդպես արդեն: Իրանք մտել են մեր տարածք 5 կմ խորության վրա, մեզնից մարդ են վերցնում, ասում են՝ հատել ա, ի՞նչն ա հատել, որտեղ ա հատել, մեր տարածքում սահմա՞ն ա հատել: Էս ամեն ինչի մեղավորն իշխանությունն ա, մեր բանակը, մեր տղերքը կանգնած են, պատրաստ են, ուղղակի սպասում են հրամանի, այդ հրամանը չկա, հրաման լինի էսօր մեկի փոխարեն 11-ը հանգիստ կբերենք, 101-ն էլ կբերենք՝ առանց մի հատ կրակոցի», - ասաց նա:
Մայսի 27-ին էլ 6 հոգի գերեվարվել էին Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածից։ Դրանից երկու օր առաջ պայմանագրային զինծառայող էր սպանվել ադրբեջանական կրակահերթից Վերին Շորժայի հատվածում: Տասնյակներով անասուններ են անհետանում հայկական գյուղերից, շաբաթ օրը կես ժամ շարունակ կրակել էին Կութ գյուղ հովվի ուղղությամբ: Համայնքապետերը պարբերաբար ահազանգում են, որ ադրբեջանցիները հայկական տարածքներում խրամատ ու ճանապարհ են կառուցում: 28 օր է՝ ադրբեջանական զինուժը չի հեռանում Հայաստանի տարածքից։