Մատչելիության հղումներ

ՊՆ. «Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել են ամրաշինական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում, որ կանխվել են»


Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Ազատության» ռեպորտաժի վերաբերյալ, որում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը ասում է, որ ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում:

«Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։

Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ», - հայտարարում է պաշտպանական գերատեսչությունը։

Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն, ըստ հայկական կողմի, շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ «գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը»։

«Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում», - շեշտում է Պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ապօրինի ներկայության վերաբերյալ դարձյալ ահազանգ է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը․ - «Ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են»:

ՄԻՊ գրասենյակը տեղեկություն էր ստացել, որ ադրբեջանցիները մեքենաներով իջնում են դեպի Վերին Շորժայի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերն ու գյուղացիներն արածեցնում են իրենց անասուններին։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:

Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ ներկայացրեց՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զինված ուժերի հետքաշում և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդների տեղակայում:

XS
SM
MD
LG