Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացրել նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:
Մասնավորապես Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զինվորականները Կութ գյուղի հովիվի ուղղությամբ կրակահերթ են սկսել մայիսի 5-ի ցերեկը՝ ժամը 12:30-ից 13-ի սահմաններում այն պահից, երբ կենդանիները մոտեցել են արոտավայրում առկա գետակին և ջուր խմել. «Դա նրանց ջուր խմելու մշտական վայրն է: Ընդ որում, հովիվը, ինչպես նաև կենդանիները գտնվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանական զինված ուժերն այն հատվածում, որ ապօրինի ներխուժել են ՀՀ տարածք»:
Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ, օմբուդսմենի փոխանցմամբ, տևել է մոտ 30 րոպե: Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է:
Թաթոյանը հայտնում է նաև, որ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների այս գործողությունները բացահայտ հանցավոր են. «Նրանք, փաստորեն, կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք»:
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:
«Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ», - ընդգծել է Թաթոյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:
Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ ներկայացրեց՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զինված ուժերի հետքաշում և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդների տեղակայում: