Նախկին զինվորականն ու ՀՀ մեկ այլ քաղաքացի, ըստ ԱԱԾ-ի, գործել են ի վնաս Հայաստանի, Ադրբեջանից վարձատրվել

Լուսանկարը` Ազգային անվտանգության ծառայության տեսանյութից

Ազգային անվտանգության ծառայությունը կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտել. այդ խմբի անդամներից երկուսն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել։

Ըստ ԱԱԾ-ի՝ խմբի գործողությունների հետևանքով «էականորեն խաթարվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար»։

Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասնում է՝ մարտական մեդալներով պարգևատրված նախկին զինվորականը Հայաստանի քաղաքացիություն ունեցող մեկ այլ անձի հետ Թուրքիայում ընդունել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը։

Ըստ ԱԱԾ-ի՝ այդ անձինք ստորագրել են փաստաթղթեր՝ համաձայնելով անցնել Ադրբեջանի կողմն ու գործել ի վնաս Հայաստանի, ինչից հետո ծածկանուններ են ստացել ու կանխավճարի տեսքով գումարներ։

Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ նկարահանումից հատված է հրապարակել. «Ադրբեջանցին ա զանգել էսօր, զանգել` բա ի՞նչ եղավ, մենք տենց չենք պայմանավորվել...»:

ԱԱԾ-ն շարունակում է. այնուհետև այս անձինք, ադրբեջանցիների հետ կապ պահելով ու ցուցումներ ստանալով, նկարահանել են Հայաստանի զորամասերը, զինտեխնիկան, պարզել զինծառայողների քանակը ու այլ տվյալները և դրանք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանցիներին։

2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմի ընթացքում կազմակերպված խմբի անդամներից մեկը` որպես կամավորական ջոկատի հրամանատար մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով մեկնել է Հադրութի ինքնապաշտպանական շրջան և մինչ հոկտեմբերի վերջ շարունակել է տեղեկություններ հավաքել ու ադրբեջանցիներին փոխանցել։

Այս գործողությունները, ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմին հնարավորություն են տվել տեղորոշել հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և տեխնիկայի գտնվելու վայրերն ու անվրեպ խոցումներ կատարել, շարքից հանել հայկական բանակային միավորումները, կենդանի ուժը:

Կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ, ինքնախոստովականական ցուցմունքներ են տվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին` Արցախի պատերազմի ժամանակ ես իմ ջոկատով մեկնել եմ Հադրութ, Ջաբրայիլ և Մարտունի քաղաք: Պատերազմի ընթացքում ես կապի մեջ եմ եղել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հետ, նրանց տրամադրել եմ ռազմատեխնիկայի հակաուժային, զինվորական տեղաշարժեր, ստորաբաժանումների տեղակայումը, որի համար ակնկալում էի 20 հազար ամերիկյան դոլար, սակայն նրանք ինձ վարձատրել են 400-500 դոլար», - ԱԱԾ-ի տեսանյութում ասում է տղամարդը:

Սա այն դեպքն էր, որ անպայման պետք է լիներ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, չպետք է ամենը հասներ կորուստներին, պնդում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Կարծում եմ, որ պետք է անպատճառ լիներ նրանց ուշադրության կենտրոնում: Սա իրոք կանխարգելման միջոցառում պետք է լիներ, այդպիսի դեպքերը պետք է առաջին հերթին և առաջին պլանում լինեն, ինչպես ասում են»:

Ալեքսանյանն ուշագրավ է համարում այն, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ ժամանակացույց չկա, չի նշվում, թե այդ խումբը երբ է սկսել Հայաստանի դեմ գործել: Հարցնում է` միգուցե ԱԱԾ-ի ուշադրությունից այլ դեպքեր էլ ե՞ն վրիպել. «Մինչև այդ կային գուցե էլ ավելի ուրիշ ծրագրերով հայտնված անձինք էլի դավաճանության սկզբունքով առաջնորդվող, դավաճաններ, որոնք վնասել են մեզ և նպաստել են պատերազմի պարտությանը»:

44-օրա պատերազմի հանգամանքները պարզելու համար մինչ օրս ավելի քան 1580 քրեական գործ է հարուցվել: Դեռ մեկ ամիս առաջ գլխավոր դատախազությունը հայտնել էր` Շուշին միտումնավոր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հաղորդումներն ուղարկվել են ԱԱԾ, հարցաքննվել են ավելի քան տասնյակ գործող ու նախկին բարձրաստիճան սպաներ:

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ պետք է պատասխան տա Շուշիի համար` ասելով, թե նա դատարանում պետք է բացատրի` Շուշիին օգնության գնացող խումբն ինչու է 2 օր ուշացումով հասել: Օնիկ Գասպարյանը, որը փետրվարին մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականների հետ միասին պահանջել էր վարչապետի հրաժարականը, Փաշինյանի այս հայտարարությանը դեռ չի անդրադարձել: Ավելի վաղ ասել էր. «Իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն, և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանի պատիժը»: