Մատչելիության հղումներ

Փաշինյան-Գասպարյան հեռակա մեղադրանքները շարունակվում են. թեման` Մեղրիի միջանցքն ու Ղազախի գյուղերը


Այսօր Աբովյանում իր համակիրների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է Շուշիի համար պատասխան տա։

«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու, ինքն ինձ․..., ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացումով, օրուկես ուշացումով տեղ հասել»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը, սակայն, չի նշում, թե ինչո՞ւ է պատերազմից 7 ամիս անց միայն բարձրաձայնում այս մասին։ Ընդ որում՝ Գասպարյանի և Փաշինյանի հակասությունների մասին հայտնի դարձավ պատերազմի ավարտից միայն չորս ամիս անց, երբ Գլխավոր շտաբի պետն ու մի շարք այլ զինվորականներ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի այսօրվա մեղադրանքների վերաբերյալ Օնիկ Գասպարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետին Փաշինյանը երեկ էլ Արտաշատում էր անդրադարձել, նշելով՝ չի թաքցնում, որ նոյեմբերին Մեղրիի միջանցքի ու Ղազախի գյուղերի թեման եղել է, և որ ըստ Փաշինյանի` Գասպարյանը ասել է՝ ստորագրի այդ թուղթը. «Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 98 թվականին, և ես չեմ ուզում թաքցնել, ժողովո՛ւրդ ջան, նոյեմբերին, այո, այդ թեման եղել է, այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել: Եվ մարդիկ կան այստեղ ներկա, մեր Զինված ուժերի ուժերի Գլխավոր շտաբի պետն ասում էր` ստորագրի, ստորագրի այդ թուղթն այդ վիճակում: Ես ասել եմ` ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի»:

Փաշինյանի այս հայտարարությանն այսօր անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը. Armlur.am-ին փոխանցած հայտարարությամբ դիմելով Փաշինյանին` նա նշում է, որ ինքը կողմ չի եղել զիջումներին. «Ղազախի գյուղերի հետ կապված` ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է` այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»։

Արձագանքելով Գասպարյանի հայտարարությանը՝ իշխող «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարել է, որ ինքը ներկա է եղել քննարկմանը, և ըստ նրա` Գլխավոր շտաբի նախկին պետը ստում է։

Իր հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանն այսօր նաև համոզմունք է հայտնել, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն, և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

«Ամեն դեպքում Նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում»,- իր խոսքն ամփոփել է Գասպարյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG