Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո նրա պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին, «Ազատությանը» հայտնեցին կառավարությունից՝ ընդգծելով՝ հավանաբար մինչև ընտրություններ նոր նախարարի պաշտոնակատար չի նշանակվի։
Կառավարությունից անուն չեն նշում, Արա Այվազյանը չորս տեղակալ ուներ, բայց Արտգործնախարարության կայքում նշված չէ, թե նրանցից ով է առաջին փոխնախարարը, ցուցակը գլխավորում է Արտակ Ապիտոնյանը։ Ի դեպ, փոխնախարարներից մեկը՝ Գագիկ Ղալաչյանը, հրաժարական է ներկայացրել մայիսի 27-ին, նույն օրը, ինչ նրա ղեկավար Արա Այվազյանը։
Իրավաբանները, մատնացույց անելով Սահմանադրության դրույթները, թերթելով կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքը, վիճում են՝ արդյոք ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թո՞ւյլ են տալիս որևէ հրաժարական տված նախարարի պաշտոնակատարին փոխարինել նոր պաշտոնակատարով։ Պատասխանը միանշանակ չէ։ «Ազատության» հետ մասնավոր զրույցներում շատերը պնդեցին՝ օրենքում հստակություն չկա, այդուհանդերձ՝ ընդունում են նպատակը պետք է լինի աշխատունակ պահել պետական կառավարումը։ Իսկ այս դեպքում իրավական խառնաշփոթը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի:
«Անկախ նրանից դա իրավական առումով թույլատրելի է, թե ոչ, մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ հիմա ինչ-որ մեկը համաձայնի դառնալ նախարարի պաշտոնակատար, հատկապես, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 19 օր», - քաղաքական վերլուծաբան Բենիամ Պողոսյանը իր այս կարծիքը հիմնավորում է նրանով, որ հրաժեշտ տալիս արտաքին գերատեսչության այլևս նախկին պատասխանատուն բազմանշանակ հայտարարություն արեց՝ ասելով՝ ԱԳՆ-ն պետք է անշեղորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական ու ազգային շահերը, և իր հրաժարականի պատճառը, ըստ էության, կապել էր հենց այս հարցերի հետ։
Քաղաքագետի խոսքով՝ այսօր անգամ դժվար է վերլուծել նախարարի ասածը և դրան հաջորդող կառավարության պարզաբանման պահանջը, քանի որ կա տեղեկավտության զգալի պակաս։ Այդուհանդերձ, ըստ նրա, մի բան հստակ է՝ կար տարաձայնություն արտաքին գործերի նախարարի և վարչապետի պաշտոնակատարների միջև:
«Դժվար է ասել՝ տարաձայնությունները վերաբերում էին ինչ-որ կոնկրետ խնդիրների շուրջ բովանդակային, թե տարաձայնությունները վերաբերում էին նրան, որ ընդհանրապես արտաքին գործերի նախարարը և նախարարության ղեկավարությունը շատ կարևոր հարցերում պարզապես անտեսված էր կամ ներգրավված չէր գործընթացներում: Մի պահ երևի նախարարի մոտ ընկալում է եղել, որ ամեն դեպքում այն փաստը, որ ինքը տեղյակ չէ, իրեն չի ազատում պատասխանատվությունից, որովհետև նախարարը պետության երկրորդ մարդն է արտաքին քաղաքականության մեջ վարչապետից հետ: Հրաժարական է ներկայացրել, որպեսզի ոչ ոք չմտածի, որ նախարարը կամ նախարարությունը կարող են ներգրավել հակապետական կամ հակազգային գործունեության մեջ, ինչից կարելի է ենթադրել, կարելի է ասել, որ սա շատ ուղիղ ակնարկ էր, որ արտաքին քաղաքականության մեջ նման գործընթացներ կան և հասկանալի է, որ դա ուղղված էր վարչապետին, որովհետև միայն վարչապետն է արտաքին քաղաքականության բնագավառում: Ընդամենը կարող եմ ասել, որ էականորեն կզարմանայի, եթե նախարարության ներսում հիմա ինչ-որ մեկը համաձայներ ստանձնել պաշտոն: Հիմա ասելով նկատի ունեմ հունիսի 20-ը», - ընդգծեց Բենիամին Պողոսյանը:
ԱԳՆ-ից աշխատանքային օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեցին մեր գրավոր հարցմանը։ Փորձել էինք ստանալ նախարարության արձագանքը վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հարցադրմանը։ Կառավարությունը Այվազյանից պահանջում էր հրապարակային պարզաբանում՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է երկրի պետական և ազգային շահին։
Արա Այվազյանը հրաժարական էր ներկայացրել անցած շաբաթ՝ մայիսի 27-ին՝ Անվտանգության խորհրդի նիստից ժամեր անց։ Նույն նիստի ընթացքում Փաշինյանը հանդես էր եկել սահմանային իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված առաջարկով, ասելով, թե այս թեմայով խոսել է արտաքին գործերի նախարարի հետ և հույս ունի, որ արդեն հնարավորություն կ արագ անցնել առաջարկի իրագործմանը:
Վարչապետի պաշտոնակատարն առաջարկել էր սահմանային հատվածներից դուրս բերել զինված ուժերի ստորաբաժանումները, փոխարենը` սահմանագծի երկայնքով տեղակայեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։