Թեև առաջիկա արտահերթ ընտրություններին 26 կուսակցություն ու դաշինք է առաջադրվել, բայց Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մարդիկ միայն երկու-երեք մասնակիցների անուններ են շեշտում։ Մյուսներն իրենց կա՛մ անծանոթ են, կա՛մ էլ նրանց մասնակցությունն անիմաստ են համարում։ Երիտասարդները հիմնականում հրաժարվում են խոսել քաղաքականությունից, ավելի տարեցները մեծամասամբ արտահայտվում են հօգուտ գործող իշխանությունների՝ անպայման շեշտելով, թե չեն վախենում ասել իրենց կարծիքը։
«Կա Նիկոլն ա, չկա Նիկոլն ա, չեն թողնում էտ մարդն աշխատի, թող աշխատի էլի: Ի՞նչն ա պարտվել, իրանք իրանց տքերն ա, որ էտ խեղճ տղեն պարտվել ա», - ասում է քաղաքացիներից մեկը:
«Եթե գնամ, Նիկոլին պիտի ընտրեմ...Հողերը դավաճանները ծախեցին, զինվորին, 18 տարեկան երեխուն` իմ թոռին անձամբ բրախեցին, փախան սաղ»:
«Էսօր ի՞նչ ա, անունը դրել են Հայրանիքի փրկության, ի՞նչ փրկության, ումի՞ց են փրկում, հայրենիքն իրանցից փրկվել ա արդեն, իրենք իրենց փողերի փրկության դաշինք են կազմել, ի՞նչ են կազմել»:
Հնչում էին այս կարծիքները:
Վերջին շրջանում Սպիտակում ամենաշատ թվով գրասենյակներ բացած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նախկին իշխանությունների հասցեին քննադատություններ հնչեցնող սպիտակցիներին հակադարձում են։ Վանաձորի մանկատան նախկին տնօրեն Հարություն Էվոյանի կարծքով՝ միայն 10 տարի Հայաստանը նախագահած Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից՝ սահմաններն ամրացնել ու բարելավել տնտեսությունը. «Կկարողանա արժանապատիվ ապագա ստեղծել, կկարողանա ճիշտ կառավարումը կազմակերպելով ճիշտ տնտեսական զարգացում ապահովել: Մենք հավատում ենք, մենք տեսել ենք այդ ամեն ինչը»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի կառույցի ղեկավար Համլետ Մազմանյանը նշում է՝ անկախ ընտրությունների արդյունքներից, այստեղ վարչական ռեսուրսներ չեն կիրառվի՝ շեշտելով, որ հեղափոխությունից 3 տարի անց էլ Սպիտակում նախկին իշխանությունները մեծ լծակներ ունեն։ 2008 թվականից քաղաքը ղեկավարող հանրապետական Գագիկ Սահակյանի լիազորությունները կլրանան մի քանի օրից։
44-օրյա պատերազմից հետո Սպիտակի համայնքապետը միացել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին, նրա հասցեին քննադատություններ հնչեցրել։ Այսօր նա պաշտոնապես չի հայտարարել քարոզարշավին իր մասնակցության մասին, բայց տեղեկություններ կան, որ կաշխատի Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառույցի ղեկավարը սա հեղափոխությունից հետո երկրի ձեռքբերումներից մեկն է համարում՝ համայնքների ղեկավարներն ազատ են իրենց կարծիքն արտահայտելու հարցում, ասում է. «Մենք հասել ենք նրան, որ մեր քաղաքների ղեկավարները կարան այ տենց ազատ խոսեն, արտահայտվեն, իրենք սատարեն ընդդիմադիր առաջնորդներին, երևի դա մեր թիվ մեկ ձեռքբերումներից մեկն է: Հայաստանյան քաղաքական կյանքում տարօրինակ է, և ընդդիմությունն է փորձելու վարչական ռեսուրսներ կիրառել, բայց ամեն ինչ նորմալ է, մենք պատրաստ ենք այդքանով հանդերձ գնալ և ապացուցել, որ Սպիտակում և տարածաշրջանում ապագա կա»:
Սպիտակում Ռոբերտ Քոչարյանին աջակցում է նաև տեղի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արթուր Խառատյանը։ «Ազատությանն» ասաց՝ հեղափոխությունից հետո անգործ է մնացել։ Քոչարյանի դատավարության ժամանակ որդին երևացել է երկրորդ նախագահի աջակցության համար կազմակերպված ցույցերում։ Նրա պնդմամբ՝ իշխանություններին դա դուր չի եկել. «Երբ որ Քոչարյանի նկատմամբ սկսվեց անարդար դատավարական պրոցես, տղաս աջակցում էր: Իմ առջև դրված էր` կամ տղայիս հետ պահել, կամ գրեմ, դուրս գամ, ես տղայիս թողեցի շարունակի, ես դուրս եկա»:
Քոչարյանի շտաբում էր նաև Արթուր Խառատյանի հայրը՝ Գերասիմ Խառատյանը։ Նա էլ է երկարամյա ոստիկան։ Խստորեն քննադատում է ժողովրդի մեծամասնության քվեով իշխանության եկած Փաշինյանին, թե՝ կործանել է երկիրը, ու պաշտպանում 2008-ի մարտի մեկի հետընտրական արյունալի իրադարձություններով նախագահական երկրորդ ժամկետն ավարտած Քոչարյանին, թե՝ կփրկի այն. «Մինչև հիմա փրկել է մեզ, տուն է տվել, մեր երկիրը շինել է, մեր քաղաքը սարքել է, ժողովուրն ապրել են առանց սպանության, առանց դատավարության, Քոչարյանի օրոք է եղել դա»:
Գրասենյակից դուրս մարդիկ հակադարձում են՝ Քոչարյանի օրոք 88-ի երկրաշարժից մեծապես տուժած Սպիտակում կատարված շինարարությունը պետք է որ ավելի մեծածավալ լիներ։ Նախկինում շինարարությունն անորակ է եղել, կատարվածը՝ նախատեսվածից քիչ. «Ի՞նչ ա արել, Քըրք Քրքորյանը միլիոնները թափեց, 5 հատ տուն ա՞ սարքել: Բա տղեն ինչո՞վ է միլիարդատեր դարձել, ինձանից շա՞տ է աշխատել: Ինչքան կառուցվել է, երկու էտքան էլ կերել են, լափել են, որ պիտի Սպիտակը ավելի շատ կառուցվեր, Քրքորյանն ինչի՞ հեռացավ, ինչի՞ նեղացած թողեց, գնաց»: