Մատչելիության հղումներ

Ըստ հրապարակված նախընտրական ցուցակների՝ Շիրակի մարզից ամենաշատ թեկանածուներ ընդգրկված են ՔՊ-ում


Հունիսի 20-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նախորդներից տարբերվում են ոչ միայն մասնակիցների աննախադեպ մեծ թվով, այլև տարածքային ցուցակների բացակայությամբ: Սա նշանակում է, որ մարզերը ներկայացնող թեկնածուները ևս ընդգրկվել են պարզ համամասնական ցուցակներում:

Հայտ ներկայացրած 27 քաղաքական ուժերն իրենց համամասնական ցուցակները երեկ ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հրապարակված ցուցակներում այս պահին Շիրակի մարզից ամենաշատ թեկանածուներ ընդգրկված են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Գործող պատգամավորները, բացի Կարապետ Մխչյանից, ցուցակում են, համենայնդեպս այս պահին հրապարակված 100 անունների մեջ վերջինս չկա, փոպարենը վերջերս Շիրակի մարզպետ նշանակված Հովհաննես Հարությունյանի անունն է ընդգրկվել ցուցակում:

Խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում Շիրակի մարզից 2 պատգամավոր կա, որ ընտրվել էին հին՝ ռեյտինգային ընտրակարգով՝ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը: Վարդևան Գրիգորյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ արտահերթ ընտրություններին չի մասնակցի՝ չմանրամասնելով պատճառները, բայց որպես ԲՀԿ անդամ իրեն վստահված տարածքի կազմակերպչական աշխատաներով կզբաղվի, իսկ Գյուրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ չի մասնակցելու և սատարելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ԲՀԿ հրապարակած ցուցակի առաջին 20֊յակում նաև շիրակցի Հասմիկ Վիրաբյանն է ընդգրկված:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան»-ի հրապարակած ցուցակի առաջին տասնյակում գործող պատգամավոր Սարիկ Մինասյանի անունն է: Արտախորհրադարանական մյուս քաղաքական ուժերի ցուցակներից առանձնացնեք ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը: Հրապարակված առաջին տասնյակում է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Վերջնս 2007֊ից մեծամասնական ընտրակարգով 2 անգամ հանրապետական թեկանածուների հաղթեց, իսկ 2017֊ին Հանրապետականի ռեյտինգային ցուցակով մասնակցեց ընտրություններին և հեղափոխությունից հետո մինչև արտահերթ ընտրություններ մի քանի ամիսով մանդատ ստացավ: 2018֊ի արտահերթ ընտրություններին չմասնակցեց:

Հրապարակված ցուցակներում այլ շիրակցների չհանդիպեցինք: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հրապարակած 20֊յակի ցուցակում էլ շիրակցիներ չկան:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ցուցակում, ինչպես փոխանցեցին կուսակցության տեղի կառույցից, մեկ տասնյակ շիրակցիներ են ընդգրկվել:

Քաղաքական մյուս կուսակցություններն ու դաշինքները Գյումրիում հիմանակնում գրասենյակներ չունեն և, ըստ էության, ճշտել, թե ովքեր են մարզից ցուցակներ ընդգրկել, չհաջողվեց:

XS
SM
MD
LG