Մատչելիության հղումներ

Իրավապահ կառույցները խոստանում են, թե գնալու են ընտրական յուրաքանչյուր խախտման հետևից


Հունիսի 20-ին նշանակված ընտրություններին ընդառաջ հայաստանյան իրավապահ կառույցները խոստանում են, թե գնալու են ընտրական յուրաքանչյուր խախտման հետևից։

Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն, խստացվել են ընտրական հանցագործությունների պատիժները և մի քանի տարվա ազատազրկում են նախատեսում։

Արթուր Դավթյան
Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազների հետ հանդիպմանը շեշտել է, որ օրենքը իրավապահներին հնարավորություն է տալիս գնալ ցանկացած ահազանգի հետևից, և որ ոչ ոք չի կարողանալու խաբել իրենց և հանցագործություններ անել․ - «Մենք պետք է ձեռնարկենք օրենքով մեզ ընձեռված բոլոր գործիքները, բոլոր միջոցները, բոլոր հնարավորությունները, որպեսզի որևէ քաղաքացու քաղաքական դիրքորոշման կամ ընտրության հարցում որևէ ապօրինի ազդեցություն չլինի»։

Երեկ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ընտրակաշառքի մասին լուրերով զբաղվում են իրավապահները։ Պարզված է ընտրակաշառքով հետաքրքրված անձանց շրջանակը, նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։ Գլխավոր դատախազությունը դեռևս չի մեկնաբանում վարչապետի այս հայտարարությունը։ «Նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք, բնականաբար, չեն կռահում։ Եվ կարող եք հանգիստ լինել այդ առումով, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն», - վստահեցրել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Գլխավոր դատախազը, իր հերթին, դատախազների հետ հանդիպմանը խոսքն ուղղել է նաև հենց իրավապահներին և պետական մարմիններին՝ շեշտելով, որ իրավապահ մարմնի բոլոր աշխատակիցները պարտավոր են մինչև քվեարկության օրը ցուցաբերել քաղաքական զսպվածություն և ցույց չտալ իրենց նախընտրությունը։ Իսկ պետական մարմինները, թեև օրենքով չունեն քաղաքական զսպվածության պահանջ, բայց պարտավոր են չգործադրել որևէ իշխանական լծակ քաղաքացու հետ շփման ընթացքում, հակառակը հանցագործություն է․ - «Դա կլինի պետական կառավարման մարմինների մարզային կառույցներ, կլինի տեղական ինքնակառավարման մարմիններ։ Եթե կփորձի իշխանական այդ գործառույթների իրացմամբ պայմանավորված ազդեցություն ունենալ քաղաքացու դիրքորոշման վրա, դա հանցավոր է և ստանալու է անպայման իրավական խիստ գնահատական»։

Գլխավոր դատախազը խոսել է նաև տարատեսակ ռեսուրսների կիրառման հետևանքով ընտրողների կամքի վրա ազդեցության անթույլատրելիության մասին։ Մասնավորապես, Դավթյանը օրինակ բերել է մասնավոր ոլորտը, որի ղեկավարները տարիներ շարունակ տարբեր մեթոդներով փորձել են ուղղորդել իրենց աշխատակիցներին քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը զավեշտ է որակում գլխավոր դատախազի զգուշացումները՝ ընդգծելով, որ եթե Արթուր Դավթյանի փոխարեն մեկ այլ անձ լիներ, որն առնչություն ունեցած չլիներ, իրավապաշտպանի բնորոշմամբ, հանցավոր ռեժիմի հետ, այս հորդորները նորմալ կհամարվեին․- «Հիմա հանկարծ որոշել է․․․ Թեպետ էն ժամանակ էլ էին գեղեցիկ հայտարարություններ անում, այսինքն՝ թղթի վրա իրանց մոտ միշտ ամեն ինչ նորմալ ա եղել։ Հիմա ինքը հայտարարություններ է անում, որ ամեն ինչ պիտի անցնի ճիշտ, պարկեշտ, ազնիվ, մաքուր, առանց խախտումների․․․ Զարմացած չեմ։ Էդ ոճը եղել ա միշտ։ Իրականում ես կարծում եմ, որ չբարեփոխված, չվեթինգված, չլյուստրացված անձինք ուղղակի չեն կարող օրենքից ու իրավունքից խոսել և պաշտպանել ու պահպանել օրենքի և իրավունքի գերակայությունը։ Ինձ համար սա ավելի շատ մեսիջ էր ուղղված խաղացողներին, դերակատարներին, հայտ ներկայացնողներին։ Ով ոնց կհասկանա, ով ինչ կպատկերացնի, դա արդեն իրենց խնդիրն է։ Ամեն դեպքում, ես վստահություն չունեմ։ Չբարեփոխված համակարգից, որևէ համակարգից, միայն դատախազության մասին չէ խոսքս, որևէ ակնկալիք չունեմ»։

Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանց

Կարապետյանցը հիշեցնում է անցյալի ընտրախախտումները, մասնավորապես՝ «ՍԱՍ-ի ժողովի» գործը, երբ մեղավորներն այդպես էլ չբացահայտվեցին։ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած ՍԱՍ-ի հայտնի ժողովի քրեական գործը կարճվեց և այդպես էլ չհստակեցվեց, թե հրապարակված ձայնագրության մեջ այդ ովքեր էին մոտ 40 րոպե ներկաներին հորդորում աշխատել ՍԱՍ-ի սեփականատեր, այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը:

«Եվ հետո, իրավապահ մարմինները, որոնք պարտավորություն ունեն վերահսկելու նաև իրենց աշխատանքը, այդ թվում նաև դատախազության աշխատանքը, թող բացեն քաղհասարակության ներկայացրած էն զեկույցները տարիներ շարունակ որոնք մենք ներկայացրել ենք, իմ գործընկերները ներկայացրել են, ու տեսնեն ինչ որակի վերահսկողություն է իրականացրել դատախազությունը ու արդյո՞ք ինքը հիմա էն լեգիտիմ մարմինն է, որը մատ թափ տալու իրավունք ունի»։

Կարապետյանցն ասում է, որ ընտրախախտումների բացահայտման որևէ ակնկալիք չունի այն իրավապահներից, որոնք այդպես էլ վեթինգի չենթարկվեցին, իշխանությունն այդպես էլ չմաքրեց այդ համակարգը։ Ոստիկանությունն իր հերթին հրապարակել է մոտ 1 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ զգուշացնում է քաղաքացիներին նախընտրական շրջանում պահպանել օրենքն ու չխախտել մարդու՝ ընտրելու իրավունքը։

XS
SM
MD
LG