Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստանը արդեն ՀԱՊԿ-ին կդիմի պայմանագրի 4-րդ հոդվածով, այսինքն՝ ռազմավարական դաշնակցից ռազմական աջակցություն կխնդրի հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը հանգուցալուծելու նպատակով։
«Ես չեմ բացառում` հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին», - ասում է նա:
Թե ինչի են սպասում և կոնկրետ երբ են դիմելու, պատգամավորը հստակ ժամկետ չասաց. «Հայաստանը փորձում է և փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ լուծումներ»:
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երեկ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Ադրբեջանական զորքին Հայաստանի տարածքից դուրս բերելու համար հայկական կողմը դիմեց ՀԱՊԿ-ին` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով, որը նախատեսում է համատեղ անհապաղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ-երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Սակայն մինչ օրս դաշնակից կազմակերպությունն այդ ուղղությամբ բացի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու խորհուրդներից, որևէ գործնական քայլ չի արել։
Ռուբեն Ռուբինյանն էլ է խոստովանում՝ ռազմական դաշինքը չի գործում այն արագությամբ, ինչն ակնկալում է Հայաստանի իշխանությունը. «Մենք այն արագությամբ չենք տեսնում այն գործողությունները, որոնք մենք ակնկալում ենք, բայց սա նշանակում է, որ մենք պիտի շարունակենք առաջ մղել մեր դիրքորոշումները»:
Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում միջազգային այլ կառույցներ, եթե դաշնակից կազմակերպությունն ու Ռուսաստանը հապաղում են քայլեր ձեռնարկել։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ է անում անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Իշխանության ներկայացուցիչը այս տարբերակը չի բացառում. «Դա հնարավոր քայլերից մեկն է, բայց մեր տարբեր քայլեր ունեն իրենց տեղը և ժամանակը, նպատակահարմարությունը, ես նաև չեմ բացառում, որ դրան նույնպես կարող է հասնել»:
Թե ինչու այս պահին չեն դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, երբ հակառակորդը Հայաստանի տարածքում զինված սադրանքների է դիմում, Ռուբինյանը հստակ չպատասխանեց. «Դա կախված է տարատեսակ հանգամանքներից»:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էլ դեմ չեն, որ կառավարությունը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով` կառավարությունն ամբողջ գործիքակազմը պետք է գործի դնի ադրբեջանական զորքը Հայաստանից դուրս բերելու համար, բայց դա չպետք է լինի ՀԱՊԿ-ին հակադրվելով. «Բոլոր ռազմա-դիվանագիտական, դիվանագիտական գործողությունները պետք է կատարվեն: Այստեղ խնդիրն ավելի շատ նա է, որ չի կարելի ոչ մի դեպքում այս իրավիճակում խաղացնել հակաթեզերը»:
ԲՀԿ-ական պատգամավորի համար անթույլատրելի են այս փուլում ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունները։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ը գործում է ըստ դաշնագրի թելադրանքի, և դաշնակից կազմակերպության քայլերը համահունչ են հայաստանյան զարգացումներին. «ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն անում է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, որ այս իրավիճակը հանգուցալուծվի, սակայն մի անգամ ասել եմ և կասեմ` եթե ՀՀ իշխանությունները որոշել են դիվանագիտական ճանապարհով այս հարցը լուծել, ապա տարօրինակ կլինի, եթե ռուսը կանգնի, ասի` չէ, մենք մեկ է` պետք է կռվենք»: