Երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։
Հանդիպման մասնակիցները լսել են Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը, որում նա գնահատել է Հայաստանի սահմանային իրավիճակը և նշել ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պահանջում է անհապաղ միջոցառումներ, «առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաևՀայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծում»:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: