Հայաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու Հայաստանի քաղաքացների իրավունքները, շեշտում է Թաթոյանը

Հայաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, Հայաստանի Հանրապետության քաղաքացների իրավունքները, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ Պաշտպանի՝ միջազգային հանրությունն էլ պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները:

Թաթոյանը նշում է, որ կշարունակի միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ և հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի մասին:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: