Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ «իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը»


Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:

Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը, ըստ հայաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության, իրավունք է տալիս Հայաստանին ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

«Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայկական կողմը «պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել: Սկսված փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

Պաշտոնական Բաքուն հերքում է, թե կրակողն իրենք են, ասում են՝ դժբախտ պատահար էր։

XS
SM
MD
LG