Մատչելիության հղումներ

Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, կա մեկ զոհ․ ՀՀ ՊՆ


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ մասնավորապես հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

«Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)», - հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։

14-րդ օրն է առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները չեն հեռանում, նրանք փաստացի ամրացել են մի քանի կիլոմետր խորության վրա։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG