Հայկական կողմը հաղորդում է՝ Վերին Շորժայում զինծառայող է զոհվել հակառակորդի կրակահերթից, Բաքուն հերքում է, թե կրակողն իրենք են

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակահերթից՝ 32-ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը: Միջադեպն այսօր կեսօրին է եղել:

Ըստ դատախազության՝ Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, անցել են Վերին Շորժայի սահմանը, բռնության կոչեր են հնչեցրել այդտեղ պահպանություն իրականացնող հայ զինծառայողների նկատմամբ, պահանջել են չդիմադրել ու լքել տարածքը։ Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք կրակահերթեր են արձակել հայ զինծառայողների ուղղությամբ, որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայողը:

Ի դեպ՝ պաշտոնական Բաքուն հերքում է, թե կրակողն իրենք են, ասում են՝ դժբախտ պատահար էր։

Երկու շաբաթ է ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով մտել է հայկական տարածքներ՝ պարբերաբար սահմանային միջադեպեր են գրանցվում՝ ծեծկռտուքներ, հայ-ադրբեջանական ձեռնամարտեր, անասնագողության դեպքեր, հայ հովիվներին սահմանի տարբեր հատվածներում քաշքշելու միջադեպեր ու այսօր էլ՝ զինծառայողի մահվան դեպքը։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան, պաշտոնական հաղորդագրությունը եզրափակում են Պաշտպանության նախարարությունից։

Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանն այս զարգացումը համարում է շատ կանխատեսելի. «Տեղի է ունեցել շատ պարզ և շատ կանխատեսելի իրողության արձանագրում, տեղի է ունեցել միջադեպ ադրբեջանցի և հայկական զինուժի ներկայացուցիչների միջև, որոնք միմյանց շատ մոտ տարածության վրա են գտնվում, իրար հետ շփվում են, և այդ շփումները բերել են, ըստ էության, լարված իրավիճակի: Նախ կարող է ծեծկռտուք է եղել նորից, ինչպես վարչապետը մի անգամ ամբիոնից հայտարարեց, որ զանգվածային ծեծկռտուքներ են եղել սահմանին, որից հետո, ըստ էության, կրակոց է եղել, և մենք ունենք զոհ: Սա շատ վատ նախադեպ է, որովհետև հրադադարի հայտարարումից հետո առաջին անգամ ՀՀ սուվերեն տարածքում մենք ունենք զոհ, սա լուրջ հետևությունների տեղիք տվող նյութ է: Մենք պիտի շարունակենք մեր զգոնությունը պաշտպանել, պահպանել և մեր սահմանները ամրացնել, այն, ինչի մասին ամիսներ շարունակ ես բարձրաձայնում եմ», - ասաց Թովմասյանը:

Ըստ պատգամավորի՝ ադրբեջանական կողմը իր զորքերը Հայաստանի տարածքից չհեռացնելով ու ամենօրյա սադրանքներ հրահրելով փորձում է ճնշում գործադրել, որպեսզի ստորագրվի հերթական փաստաթուղթը:

«Այդ փաստաթուղթը, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, պատրաստակամություն հայտնեց նաև ստորագրելու և հայտարարեց, որ դա 100 տոկոսով բխում է հայկական պետական շահից, ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը ստորագրելու համար ճնշումներ են իրականացվում, և այդ ճնշումն արժեցավ մեկ պայմանագրային զինծառայողի կյանք: Ես չգիտեմ այդ փաստաթղթի ստորագրման խոստումն ինչո՞ւ է տրվել, ի՞նչ հիմնավորմամբ է տրվել, որտե՞ղ է այդտեղ մեր շահը», - ընդգծեց Թովմասյանը:

Արդյոք ադրբեջանական զորքի դուրսբերման ու սահմանների ճշգրտման փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները շարունակվո՞ւմ են, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարն է այսօր մի քանի հարցի պատասխանել՝ ի սկզբանե հայտարարել այս պահին որևէ փաստաթուղթ չի ստորագրվում. «Այս պահին կրկին որևէ փաստաթուղթ առկա չէ, այսինքն ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ երկրի կողմից, միջնորդ երկրի կողմից, բնականաբար, թղթային տարբերակով հա՛մ պիտի մեզ գա, հա՛մ պիտի գնա հակառակ կողմին: Այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա դա ընդունելի է մեզ այդ տեսքով: Սա աշխատանքային պրոցես է»:

Սուրեն Պապիկյանը շեշտել է՝ բանակցությունները շարունակվում են խնդիրը դիվանագիտական -քաղաքական ճանապարհով լուծելու համար, առանց որևէ սրացման. «Բանակցությունները շարունակվում են, բնականաբար, դե հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները»:

Սահմանային իրավիճակի ֆոնին առավոտյան հանդիպել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը, քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, հանգուցալուծման հնարավոր տարբերակները։

Վաղարշակ Հարությունյանը կրկնել է հայկական կողմից 14 օր շարունակ հնչող դիրքորոշումը. «Բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր»։

Հարությունյան- Մուրադով հանդիպումից այլ մանրամասներ չկան։

Մայիսի 12-ից Սյունիքի ու Գեղարքունիքի մարզի մի քանի ուղղություններով խորացած ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ նույն տեղերում՝ հայկական տարածքներում։ Գորիսի ավագանու անդամ, Վերիշեն գյուղի բնակիչ Նարեկ Օրդյանի տեղեկացմամբ՝ օրեր առաջ ադրբեջանցիները փորձել են էլի խորանալ. «Փորձ են արել երեք դիրք իջնել, մոտ մեկ ու կես-երկու կիլոմետր։ Նրանց հետ ենք շպրտել»։

Ադրբեջանցիները Սյունիք էին մտել Իշխանասարի՝ Սև լճի հատվածով, լճի 80 տոկոսը և երեք ափերը խորհրդային բոլոր քարտեզներով հայկական տարածքում են, այժմ սակայն տեղանքում ադրբեջանցիներն են:

«Իրանց հսկողության տակ ա, ուղղակի գնում-գալիս ենք։ Բարձունքներում իրանց են նստած, ուղղակի մենք արանքով գնում ենք», - ասաց Օրդյանը։

Նարեկ Օրդյանի պնդմամբ՝ այս հատվածում ադրբեջանցիները առաջ են եկել ոչ թե 3.5, այլ շուրջ 5 կիլոմետր, Վերիշեն գյուղի տներից այժմ ադրբեջանցի զինվորականները 2 կիլոմետրի վրա են։

Երեկ Գեղարքունիքի մարզի համայնքապետերը «Ազատության» հետ զրույցում պատմում էին, որ, օրինակ, Կութ գյուղի վարչական տարածք մտած ադրբեջանցիները տեղում ամրապնդման աշխատանքներ են իրականացնում։ Նարեկ Օրդյանի տեղեկացմամբ՝ Վերիշենի, Սև լճի տարածքում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ չկան, բայց ադրբեջանցիները պարապ էլ չեն. «Չէի ասի, թե մեծ մասշտաբով ինչ-որ բաներ․․․ թեթև։ Թեթև ինչ-որ որոշակի բաներ արվում ա, բայց որ ասեմ բլինդաժներով, բանով, տենց բան չկա»։

Վերջին օրերին շրջանառվում են տեղեկություններ, թե Սյունքիում ավելի քան հազար ադրբեջանցի զինվորական կա, Պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հերքել էր այդ պնդումները. վերիշենցի Օրդյանի խոսքով՝ ինքը Սյունիքի ադրբեջանցիներին չի հաշվել, բայց իր տպավորությամբ այդքան կան. «Կարող ա 959 հոգի լինեն․․․ ես չգիտեմ։ Բայց հազարին հաստատ մոտ ա»։