Ներկայումս վիճակը հանգիստ է, «Ազատությանը» փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից՝ միաժամանակ պնդելով, թե ադրբեջանցի զինվորականները ըստ էության գտնվում են շրջափակման մեջ։
Մարզի Կութ համայնքում հեռադիտակով պարզորոշ տեսնում են դիմացի բլրին կանգնած զինված ադրբեջանցիներին։ «Անասունին էլ չենք տանում մեր արոտավայր արածեցնելու», - ասում է համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ - «Հեռադիտակով նայում ենք ու տեսնում ենք տեխնիկան, զինվորների շարժը, իրենց պալատկեքը»։
Ադրբեջանցիների մոտ վրաններ սկսել են նկատել սահմանը հատելու երկրորդ-երրորդ օրը։ Ասում են՝ երբեմն հինգ հոգով են կանգնած բլրին, երբեմն 20, իսկ թե բլրի հետևում քանիսն են ու ինչ տեխնիկա ունեն, գյուղից տեսանելի չէ։
«Եվ եթե ինչ էլ նրանք բերեն, մենք չենք նկատի, ստեղից չի երևում։ Լեռան վրա իրենք կանգնած են, կարող ա լեռան հետև շատ բան ունեն իրանք, բայց մեր կողմից անտեսանելի ա», - ասաց Չիտչյանը։
Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր, որևէ խմբակցությունում չընդգրկված Թագուհի Թովմասյանն պնդում է, որ պետական սահմանը հատելուց հետո այսօր միակ օրն է եղել, որ ադրբեջանցիները Վարդենիսի կողմում ոչ մի առաջխաղացում չեն ունեցել․ - «Որոշ հատվածներում անընդհատ փորձել են ճեղքումներ իրականացնել։ Որպեսզի պատկերավոր նկարագրեմ, ասում եմ՝ ոտ-ոտ, տոտիկ-տոտիկ գալիս են մտնում են մեր տուն։ Եվ հիմա մենք արձանագրում ենք, որ Գեղարքունիքի մարզում շարունակում ենք ունենալ սահմանային ճգնաժամ։ Եվ սա պետք է լուծվի»։
Պաշտպանության նախարարությունից փոխանցում են, որ բանակցությունները շարունակվելու են վաղը և, անկախ այն հանգմանքից, թե կանցկացվեն Սյունիքում կամ գեղարքունիքում, դրանք վերաբերվելու են սահմանախախտման բոլոր դեպքերին։
Հայկական կողմի հաղորդմամբ, ադրբեջանցիները սահմանը խախտել են երեք ուղղություններով․ մեկը Վարդենիսում, երկուսը Սյունիքում։
Թագուհի Թովմասյանն ասում է՝ մտահոգիչն այն է, որ Գեղաքունիքի մասով ադրբեջանցիների նպատակն ըստ էության պարզ չէ և հասկանալի չէ, թե նրանց պահանջը ինչ է և ինչի շուրջ են բանակցությունները․ - «Եթե Սյունիքի մասով հասկանալի է նպատակը, իրենք փորձում են ճեղքել և միջանցք բացել։ Մենք լսում ենք և տեսնում ենք, որ իրենց գործողությունները իրենց նպատակների հետ համահունչ են։ Ալիևը ասում է՝ մենք պիտի բացենք այդ միջանցքը՝ ուզեք, թե չուզեք, զինված, թե ոչ։ Դա հասկանալի է Սյունիքի մասով։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ են ուզում մեզանից, Գեղարքունիքից ինչ են ուզում։ Որևէ կերպ ես չեմ պատկերացնում նրանց նկրտումները, ինչ ստրատեգիական խնդիր են նրանք փորձում լուծել։ Երբ որ Վերին Շորժայի համայնքապետը զինվորականներին հարցրել էր՝ դուք ո՞ւր եք գնում, պատասխանել էին՝ Շորժա։ Բայց ի՞նչ ունեք դուք Շորժայում․․․ Շորժան հայկական գյուղ է, որևէ ապացուցելու բան չունենք, որ Շորժան հայկական է, հետևաբար ի՞նչ եք դուք ուզում Շորժայից»։
Պատգամավորըի խոսքով, մեր ողբերգությունն այն է, որ երբ ադրբեջանական զինուժը առաջխաղացում է ունենում, նրա դիմաց հանդիպում են կամ հովիվները, կամ համայնքի ղեկավարները․ - «Մենք ուրիշ ոչ ոք չունենք, որ կանգնի։ Այստեղ հարց է առաջանում․ Հայաստանում արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը հովիվնե՞րն են, ինչո՞ւ են իրենք ադրբեջանական զինված ուժերի հետ կանգնած մեն-մենակ»։
Թագուհի Թովմասյանը հանդիպում է խնդրել պաշտպանության նախարարից՝ այս հարցերի պատասխանները ստանալու համար։ Նախարարությունից դեռ արձագանք չունի։ Իրավիճակի վերաբերյալ ռազմական գերատեսչության կայքում տեղարդված պաշտոնական հաղրոդարգությունում կարդում ենք՝ սահմանային իրավիճակը չի փոխվել, բայց և նշում են․ «Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից»։