Մատչելիության հղումներ

Պաշտպանը զգուշացնում է՝ սահմանազատումն առանց անվտանգության գոտի ստեղծելու կդառնա նոր լարվածության պատճառ


Սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ, այսօր հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ զգուշացնելով Հայաստանի իշխանություններին՝ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։

Կրկին նշելով, որ պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացած չէ, իսկ տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, ինչպես նաև ադրբեջանական զինծառայողները անօրինական ներկա են Հայաստանի ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը՝ Թաթոյանը պնդում է՝ Հայաստանի սահմանային բնակիչների, քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում:

Պաշտպանի խոսքով՝ սահմանազատումը ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարևորություն․ դա նաև մարդու իրավունքների երաշխիք է:

«Հայաստանի քաղաքացիների ու, նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն Հայաստանի գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից, հակառակ պարագայում միայն սահմանազատման գործընթացը չի ապահովելու հետապնդվող նպատակը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը», - ասում է Արման Թաթոյանը՝ նշելով՝ միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի Հայաստանի քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ, իսկ դա իր հերթին, ըստ Պաշտպանի, խաթարելու է խաղաղության ու մարդկանց անվտանգության հեռանկարները տարածաշրջանում:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որոնց հերթական փուլը նախատեսված էր այսօր, սակայն Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմն այսօրվա բանակցություններին չի ներկայացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG