Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին Հայաստանի սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, հայտարարում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ զգուշացնելով՝ այդ մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են Հայաստանի ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին:
Պաշտպանն ընդգծում է՝ նրանք խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ-որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը:
Այդ հայտարարությունները որակելով անպատասխանատու՝ Թաթոյանը պնդում է՝ դրանք թմրեցնում են ժողովրդի զգոնությունը, երկարաժամկետ հեռանկարում վտանգում են երեխաների իրավունքներն ու խաղաղ ապագան:
«Սահմանազատումն ուղիղ ազդեցություն ունի մեր սահմանային գյուղերում ու քաղաքներում ապրող մարդկանց իրավունքների (սեփականության, հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու, արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ իրավունքներ) վրա», - հայտարարում է ՄԻՊ-ը՝ շարունակելով․ - «Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական բարձրագույն իշխանական մակարդակում Հայաստանն ու հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին համարվում են թշնամի, իսկ հայատյացությունն ունի պետական հովանավորչություն: Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ծառայողները ընդամենը մի քանի ամիս առաջ խոշտանգում ու գլխատում էին մեր հայրենակիցներին ու դրա համար նրանք ոչ միայն չեն ենթարկվել պատասխանատվության, այլ դա միայն խրախուսվել է: Չպետք է մոռանալ զինված հարձակումների դադարից հետո Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինվորականների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները մինչ օրս հրաժարվում են վերադարձնել մեր գերիներին՝ մարդու իրավունքների միջազգային երաշխիքների կոպիտ խախտումներով»:
Պետք է անել ճիշտ հակառակը՝ սահմանազատումը պետք է իրականացնել միայն անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն դրան զուգահեռ, նշում է Թաթույանն՝ ընդգծելով՝ առկա պայմաններում Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու Հայաստանի քաղաքացիների ու հատկապես Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, չի ապահովելու խաղաղություն տարածաշրջանում:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: