Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հայտնում է, որ փաստահավաք աշխատանքներով ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով::
Պաշտպանը մայիսի 15-ին Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում փաստահավաք աշխատանքներ է կատարել՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածքում մայիսի 12-ից «ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ»:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։