Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, «առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները»:
Համաձայն հաղորդագրության՝ պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՄԻՊ-ի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։