Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում:
«Պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ, անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ», - հայտնում է ՄԻ պաշտպանը:
Գյուղի հովիվներից մեկը Պաշտպանին տեղեկացրել է, որ մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու ժամանակ գյուղի հարակից սարում նկատել է ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրը, ցուցաբերել են ագրեսիվ պահվածք: Հովիվը մեկ այլ համագյուղացու օգնությամբ է կարողացել սարից արագ իջեցնել կենդանիներին: Ընդ որում, արոտավայրը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո: «Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի տարածքներում, իրենց բնակավայրի հարևանությամբ վտանգում է մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը», - շեշտում է Արման Թաթոյանը:
Պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբն արձանագրել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Երեկ Հայաստանի ՊՆ-ն հաղորդեց, որ հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։ Բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի օր, այսօր դրանք նախատեսված են ժամը 14-ից: