Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Դուշանբեում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դեմարկացիայի ընթացքում։
«Կողմերի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն Ռուսաստանի Դաշնությունը սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում օժանդակություն է առաջարկել։ Մենք հանդես ենք եկել այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, որում Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ», - հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ երեկոյան սկսել են քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված կացությունը։
«Ռուսաստանը տեղեկացրել է ՀԱՊԿ գործընկերներին այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվում են սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայության հետևանքով ծագած միջադեպը հարթելու ուղղությամբ», - հավելել է Լավրովը։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»: