ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարությունների ֆոնին` ակտիվացել են նաև Մոսկվայի շփումներն ու հայտարարությունները Սյունիքում ստեղծված իրավիճակի շուրջ, իսկ ռուսական թերթերն էր այսօր թեմային նվիրված ծավալուն հոդվածներ են հրապարակել:
Այսօր ի վերջո պաշտոնական հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը, որում, մասնավորապես, նշված է, թե Մոսկվան շարունակում է ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Մոսկվան հաստատում է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման անհրաժեշտությունը և ելնում է նրանից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել խաղաղ բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` Մոսկվան տեսնում է ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը` դրան հաջորդած սահմանագծմամբ: «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության հետևողական կարգավորմանը», - ասված է Արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության տարածած կարճ հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարարը վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղիների հարցը պետք է որոշել` հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Իրանի շահերը։ Այսօր ավելի վաղ Ռուդենկոն հանդիպել է նաև Ֆրանսիայի դեսպանի հետ և նույնպես քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում և ղարաբաղյան հակամարտության շուրջ:
Ռուդենկոն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ երեկ նաև հայտարարել էր, թե Ռուսաստանը կօգնի Երևանին ու Բաքվին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանքով դիմեն երկու կողմերը:
«Սա նորմալ է, երբ նման իրավիճակում գտնվող կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, մանավանդ որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Եթե նման դիմում լինի բոլոր մասնակից կողմերից, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք», - ՏԱՍՍ-ին ասել էր փոխարտգործնախարարը:
Ռուսաստանին օգնության համար, նաև ռազմական, դիմել է Հայաստանը, Արդբեջանը հակառակը համարում է, որ սահմանային հարցերը կարող են կարգավորվել երկկողմ բանակցությունների միջոցով:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից երկուսը՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, Ռուսաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկիրը և Հայաստանի ռազմական դաշնակիցը, հայտարարում է, որ պատրաստ է օգնել և՛ Բաքվին, և՛ Երևանին կարգավորել առաջացած տարաձայնությունները։ Սակայն երեք երկրներից միայն Ռուսաստանն է, որ Բաքվի և Երևանի համաձայնությամբ խաղաղապահ զորքեր է տեղակայել Ղարաբաղում և ռազմաբազա ունի Հայաստանում։
Պաշտոնական Բաքուն Մոսկվային պարբերաբար հիշեցնում է, որ Մոսկվան խաղաղապահ զորքեր է տեղադրել Ղարաբաղում Ադրբեջանի համաձայնությամբ: Ռուսաստանցի փորձագետները նշում են, որ հենց այս հանգամանքի հետ է պետք հաշվի նստել` վերլուծելով Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները:
RBC-ն, մասնավորապես, այսօր գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր միջադեպի շուրջ սկանդալը չի հանդարտվում։ Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներից ակտիվ գործողություններ է ակնկալում, Մոսկվան տեղի ունեցածի նշանակությունը չափազանցված է համարում»:
Մեջբերելով վերլուծաբան Ստանիսլավ Պրիտչինի խոսքերը` թերթը գրում է, թե Երևանի, Մոսկվայի և Բաքվի մոտ գնահատականների տարբերությունը նաև կապված է այն բանի հետ, որ Հայաստանում այժմ խորհրդարանական քարոզարշավ է ընթանում։ Փորձագետը պնդում է, թե եթե Մոսկվան ասում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ամենայն հավանականությամբ, իսկապես շփման կետեր կան։ «Եվ Փաշինյանն իր հայտարարություններով պարզապես փորձում է քողարկել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և որոնց համար նրան կարող են ինչ-որ բանի մեջ մեղադրել», - ասում է փորձագետը։
Известия թերթին ռուս փորձագետները ասել են, թե զարմացած են Հայաստանի իշխանությունների պահվածքով: Ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևն, օրինակ, տարակուսում է, թե ինչու սահմանային այս միջադեպին չի միջամտել հայկական բանակը։
«Երկիրը ցույց է տալիս լիակատար անօգնականություն. պետական մարմինները նույնիսկ չեն էլ փորձում հարցն ինքնուրույն լուծել։ Տպավորություն է, որ Երևանը փնտրում է նրան, ով իր համար կլուծի սահմանային հակամարտությունը։ Եթե Երևանն իսկապես ցանկանար ամրապնդել իր անվտանգությունը, ապա կարող էր, օրինակ, առաջարկել Սյունիքում ստեղծել ռուսական ռազմակայան», - գրում է լրատվամիջոցը և մեջբերում մեկ այլ փորձագետի` Նիկոլայ Սիլաևի խոսքերը․
«Սահմանը հայտնվել է նոյեմբերին, այդ ժամանակվանից անցել է կես տարի, սակայն Երևանը ոչ մի կերպ չի կարգավորել սահմանները։ Արդյունքում ադրբեջանցիները հանգիստ հաղթահարում են դրանք, զինված բախման վտանգ է առաջանում»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, վաղը Դուշանբեում պետք է կայանա այդ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքը, ակնկալվում է, որ կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանցի փորձագետների մեծ մասը, սակայն, հոռետես է․ դժվար թե ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, որ բարեկամական հարաբերություններ ունեն Արդբեջանի հետ, իրական օգնություն ցուցաբերեն Հայաստանին, դժվար թե նույնիսկ կոշտ հայտարարություն անեն, հատկապես, երբ Ռուսաստանը որդեգրել է խիստ չեզոք դիրքորոշում։
Հավելենք` այսօր պաշտոնական այցով Բաքվում է Բելառուսի պաշտպանության նախարարը։