Մատչելիության հղումներ

«Ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ», - Ալիևին և Փաշինյանին ասել է Սալիվանը


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի և Ադրբեջանի նախագահի հետ առանձին հեռախոսազրույցներում մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև վերջին օրերի լարվածության առնչությամբ: Նա ընդգծել է, որ «ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ». - ասված է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի հաղորդագրությունում:

Սալիվանը, հաղորդագրության համաձայն, հավաստել է Միացյալ Նահանգների նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը:

ԱՄՆ նախագահի խորհրդականը ողջունել է կողմերի միջև շարունակվող հաղորդակցությունը և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու՝ երկու առաջնորդների հանձնառությունը, նշված է հաղորդագրությունում:

«Ի հավելումն՝ նա ընդգծեց իրենց միջազգային սահմանը սահմանագծելու հարցով երկու երկրների ֆորմալ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ջեյք Սալիվանը փոխանցել է տարածաշրջանում երկկողմ ներգրավվածությամբ հաշտեցման հասնելուն Միացյալ Նահանգների նվիրվածությունը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հաղորդում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, դրանք շարունակվելու են մայիսի 19-ին:

Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ նախորդ օրերի բանակցություններից հետո ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր, այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

XS
SM
MD
LG