Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ անդամ Բելառուսը խորացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ, մինչ Հայաստանն աջակցություն է ակնկալում դաշինքից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին, Բաքու, 18-ը մայիսի, 2021թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին, Բաքու, 18-ը մայիսի, 2021թ․

Արդեն ավելի քան մեկ շաբաթ հայ֊ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության ֆոնին` մինչ Երևանը աջակցություն է ակնկալում ՀԱՊԿ-ից, նույն այդ դաշինքի անդամ Բելառուսը խորացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Երեկ, մեկնելով Բաքու, այդ երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հավաստիացրել է` Մինսկը եղել է և կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի հենակետն ու գործընկերը:

«Մենք հիանալի կերպով համագործակցում ենք, և ինչպես մեր երկրի նախագահն է ասում` Ադրբեջանը ի դեմս Բելառուսի գտել է հուսալի հենարան Կենտրոնական Եվրոպայում, իսկ Բելառուսը՝ ի դեմս Ադրբեջանի հուսալի գործընկեր Կովկասում: Նախագահ Լուկաշենկոյի գնահատականով, մեր համագործակցությունը փայլուն է, և ես կասեմ, որ նա դրանով շատ է հպարտանում», - հայտարարել է Խրենինը։

Ընդ որում, այս այցից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցել էր, որ ադրբեջանական կողմը, «ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»: Լուկաշենկոն, ըստ հայկական կողմի, մտահոգվել էր և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու համար:

Վերլուծաբաններից շատերը կարծում էին, թե Բելառուսի պաշտպանության նախարարը հենց այդ նպատակով է մեկնում Բաքու: Խրենինի երեկվա՝ գոնե հրապարակային հայտարարություններում, սակայն, հայ֊ադրբեջանական սահմանի լարվածությանը որևէ անդրադարձ չեղավ: Հակառակը՝ Վիկտոր Խրենինը ողջունեց ղարաբաղյան հարցով ձեռք բերված պայմանավորվածություններն ու գովեստի խոսքեր շռայլեց Իլհամ Ալիևի խոհեմության վերաբերյալ․ - «Պարոն նախագահ, մենք ողջունում ենք այն պայմանավորվածությունները, որոնց դուք հասել եք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարից հետո: Մենք ուղղակի վստահ ենք, որ Ձեր իմաստուն կառավարման ներքո այդ պայմանավորվածությունները լավ հիմք կդառնան այս տարածաշրջանի հետագա զարգացման և Ձեր հողում խաղաղությունն ամրապնդելու համար»:

Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին` ապրիլյան քառօրյա պատերազմից ընդամենը երկու տարի անց, Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։ «Ադրբեջանը կարող է մեզ համարել իր ամենամտերիմ բարեկամը, Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները սրբություն են մեզ համար», - շարունակ կրկնում է Բելառուսի նախագահը:

Նույն ուղերձները երեկ նաև նրա պաշտպանության նախարարն է կրկնել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանն ավանդաբար եղել է մեր ընկերն ու դաշնակիցը և մշտապես կարևոր դեր է խաղացել թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային քաղաքական ասպարեզում: Ուզում եմ անձամբ Ձեզ երաշխագիտություն հայտնել միջազգային հարթակներում Բելառուսի Հանրապետությանը ցուցաբերած քաղաքական աջակցության համար», - հայտարարել է Խրենինը։

Ի դեպ, սա Վիկտոր Խրենինի երկրորդ արտասահմանյան այցն է նախարարի պաշտոնում: Անցած տարեսկզբին դառնալով պաշտպանական գերատեսչության ղեկավար` նա նախ Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել, հետո` Ադրբեջան: Մեկ ամիս առաջ էլ Բաքու էր այցելել Բելառուսի առաջնոդ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բարձր մակարդակի այս այցերի ակտիվությունը վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին», - երեկ պնդել է Ադրբեջանի նախագահը` առաջին հերթին առանձնացնելով համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում:

«Մեր գործերը բոլոր ուղղություններով լավ են ընթանում, մենք նախագահ Լուկաշենկոյի հետ շատ մանրազնին քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ընդարձակ օրակարգը, այդ թվում` մեր երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, որը երկար պատմություն ունի և շատ լավ արդյունքներ: Մենք միտված ենք շարունակել համագործակցությունը այդ, ինչպես նաև բոլոր մյուս ուղղություններով, որովհետև այսօր Բելառուսն ու Ադրբեջանը ի ցույց են դնում փոխազդեցության ու համագործակցության բարձր մակարդակ», - ասել է Ալիևը։

Ի դեպ, անցած ապրիլին, հյուրընկալելով Ալեքսանդր Լուկաշենկոյին, Իլհամ Ալիևն առաջարկել էր բելառուսական ընկերություններին մասնակցել ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: «Որքան գիտեմ, արդեն կա հետաքրքրություն այս գործընթացին մասնակցելու շուրջ», - երեկ ասել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, իր հերթին, հանդիպելով բելառուսցի գործընկերոջը, պնդել է` երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են միջազգային հարթակներում` աջակցելով ու պաշտպանելով մեկմեկու: Թե հատկապես որ հարցերում, Հասանովը չի հստակեցրել:

Բանակցությունների ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել այս տարվա ընթացքում նախանշված երկկողմ ծրագրերի ու անելիքների մասին:

XS
SM
MD
LG