Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի ամենամեծ սխալն է համարում Նիկոլ Փաշինյանի՝ «եթե Ռուսաստանը չուզի, պատերազմ չի լինի Հարավային Կովկասում» հայտարարությունը։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ Բաբաջանյանը սին համոզում որակելով այդ հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի ելքն ու այսօր սահմաններին տիրող իրավիճակի պատճառները տեսնում է նաև այդ հայտարարության մեջ։
«2018-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամռանը՝ հուլիսին, հայտարարում էր, որ «եթե Ռուսաստանը չուզի, պատերազմ չի լինի Հարավային Կովկասում», այդ համոզումն ինքնին փակում էր մեր այլ գործընկերների հետ անվտանգության շուրջ համագործակցության որևէ հնարավորություն, և սա ամենամեծ սխալն է, որ Հայաստանն արել է հեղափոխությունից հետո», - ասաց պատգամավորն՝ ընդգծելով․ - «Հեղափոխության արժեքները համամարդկային արժեքներն էին, քաղաքակիրթ աշխարհին ամենահասու և ամենահասկանալի և այդ արժեքների դրոշը բարձրացնելուց հետո փակվել աշխարհի առաջ․․․ և անվտանգության այն իրողությունները, որոնք վաղ թե ուշ պիտի չոքեին մեր առջև, չքննարկել առնվազն տարածաշրջանում շահեր հետապնդող ուժային կենտրոնների հետ, փակվել՝ այն համոզմամբ, որ Ռուսաստանը, եթե ուզի կամ չուզի և ամեն ինչ նրա կամքով է պայմանավորված, ուղղակի մեզ դատապարտեց և՛ 44-օրյա պատերազմի այսպիսի ելքին, և՛ մենք հիմա Սյունիքում ունենք նաև այս իրավիճակն այդ անգործության, այդպիսի սին համոզման պատճառով»։
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, դրանք շարունակվելու են մայիսի 19-ին:
Բաբաջանյանի համոզմամբ՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական պոտենցիալն այլևս թույլ չի տալիս դիմակայելու թուրք-ադրբեջանական գործողությունները։
«Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանն ուզել է այդպիսի պատերազմ և ուզում է այսպիսի իրադարձություններ Սյունիքում, բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական պոտենցիալն այլևս թույլ չի տալիս դիմակայել այն թուրք-ադրբեջանական գործողությունները, նպատակները, ոտնձգությունները, որոնք որ տեղի են ունենում, որովհետև նրանց պոտենցիալն այլևս թույլ է տալիս այսպիսի նկրտումներ և այսպիսի ձգտումներ ունենալ։ 2014 թվականի Ղրիմի անեքսիայից հետո Ռուսաստանի նկատմամբ ճնշումները բոլոր ուղղություններով՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության սանկցիաներն ուղիղ արդեն ազդում են Ռուսաստանի ոչ միայն քաղաքական հեղինակության, այլև տնտեսական իրավիճակի վրա», - ասաց պատգամավորը։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև