Մատչելիության հղումներ

Սալիվանի խոսքով` ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Կառավարությունից հայտնում են, որ նրանք անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Ըստ նույն աղբյուրի` «ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից»:

Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը, հաղորդում են Հայաստանի կառավարությունից:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:

Մայիսի 12-ին հայկական կողմից պաշտոնապես հայտարարվեց երեք՝ Սև լճի, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով ադրբեջանական զինուժի ներխուժման և փաստացի դիրքավորման մասին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր չեն վերսկսվել, դրանք կշարունակվեն 2 օրից` մայիսի 19-ին:

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում»:

Ըստ Պաշտպանության նախարարության քիչ ավելի վաղ տարածած հաղորդագրության` հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը նախորդ օրվա համեմատ էական փոփոխություններ չի կրել:

XS
SM
MD
LG